▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկե՛ք օդն էլ սեփականաշնորհեք.Ինչո՞ւ է Էռնեկյանը հայ գինեգործներին դատի տվել

Նախորդ տարվա մայիսին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն վարչական դատարանում հայց էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի (այժմ՝ տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ: Որպես երրորդ կողմ ներգրավվել է «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն: Առաջին ընկերությունը հայտնի է «Կարաս» ապրանքանիշով, երկրորդը՝ «Զորահ կարասի»: «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի հիմնադիրն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Հայցվորը պահանջել է վերացնել պետական գործակալության՝ «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելու մասին 03.02.2012 թ. որոշումը և գրանցումն անվավեր ճանաչել:

«15 տարի է՝ աշխատում եմ մեր բնիկ սորտերով, գինին հնեցնում եմ կարասի մեջ, որպեսզի աշխարհին ներկայացնեմ հայկական ավանդական գինին: Իսկ հիմա պարզվում է՝ Հայաստանում չենք կարող գինի արտադրել, հնեցնել ու այդ մասին գրել պիտակին: Դժբախտաբար, հիմա ես դատարանում եմ: Դատի տվողներն ուզում են մոնոպոլիա լինի այստեղ: Ախր, գինու վերջն են տալու: Պետք է օրինակ վերցնենք վրացիներից, ովքեր ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել են կարասը որպես մշակութային ժառանգություն: Ավելին՝ ստեղծել են լոգոներ, կարասագործության դպրոց, իսկ Հայաստանում գնում ենք դեպի մոնոպոլացում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զորահ կարասի»-ի հիմնադիր Զորիկ Ղարիբյանը:

Ոսկեվազի գինու գործարանի տնօրեն Լևոն Նուրազյանը նույնպես հայտնվել է դատարանում: «Զրկվում ենք ևս մեկ գործիքից ու չենք կարողանա ներկայացնել մեր պապական ավանդույթներն ու պատմությունը»:

«Վան-Սևան» ՍՊԸ հիմնադիր Ալինա Մկրտչյանն էլ նկատեց. «Հայկական գինին հենց կարասներում է հնեցվել և եթե դա չկարողանանք օգտագործել, չենք կարողանա հայտնի դարձնել հայկական գինին: Անհնար է, որ մեկ ընկերություն կարողանա օգտագործել սա, իրավաբանորեն շատ սխալ է: Ի դեպ, պիտակի վրա պետք է գնորդին ճիշտ տեղեկություն տալ.չնշե՞նք, որ տակառի մեջ հնեցված գինի է»:

Հնագետ Բորիս Գասպարյանի խոսքով՝սա մեծ հարված է լինելու: «Եկե՛ք օդն էլ սեփականաշնորհենք, չշնչենք»,-հեգնեց նա:

Գինեգործները դեռևս խուսափում են այս հարցը Հայաստանի սահմաններից դուրս հանել, ասում են՝ ամոթ է, բոլորը կծիծաղեն հայերի վրա ու հիշեցնում են՝ հայերի պարտությունը միշտ եղել է այն ժամանակ, երբ եղբայրը եղբորը չի հասկացել:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին