«Ելք» դաշինքը նախատեսում է հունվարի 19-ին բողոքի երթ կազմակերպել, որը կանցնի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը սա անփույթ է համարում ու կարծում է, որ հայտարարությունն ավելի շուտ սևագրություն է:
«Հիմա փոխել Հարկային օրենսգիրքն ու ակնկալել, որ Հայաստանը կհարստանա՝ անիմաստ եմ համարում: Պետք չէ հետևանքների համար պայքարել: 19-րդ դարում բանվորները դժգոհ էին իրենց աշխատավարձից ու ջարդում էին ջուլհակի մեքենաները: Հիմա կարծում եմ, որ «Ելք»-ը մեզ առաջարկում է մեքենա ջարդել, իսկ այդպես վարվելով մենք չենք հանգստանա: Ես առաջարկում եմ արմատական փոփոխության խնդիրն առաջ քաշել: Աղքատությունը համարել օրակարգի գլխավոր խնդիր՝ ճիշտ չէ: Ունենք կարևոր հարց՝ պետության անվտանգության խնդիրը, իսկ աղքատության ու գնաճի վերացման պատճառը «Ելք»-ը չի առաջարկել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:
«Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն այս կարծիքը տարօրինակ համարեց՝ նշելով, որ իրենք անցած տարվա աշնանից են այս խնդիրների մասին խոսել:
«Ցավում եմ, որ հասարակությունը նախկինում արված զգուշացումներին ականջալուր չի եղել: Այս թանկացումները պայմանավորված են Հարկային օրենսգրքում արված փոփոխություններով(եկամտահարկ, ակցիզ) ու դրանք պետք է չեղարկել»:
Asekose.am-ի թղթակցի դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ երթը շարունակական է լինելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դա մի շարք հագամանքներից է կախված:
«Դա տարբեր հանգամանքներից է կախված: Մեր նպատակը հստակ է: Չեղարկել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել և վերացնել թանկացումները: «Ելք»-ն առավելագույնն է անում, որպեսզի այդ երթը ստացվի, բազմամարդ լինի, հանրությունը աջակցի ու ստիպենք, որ օրենքները փոխեն: Երթին մասնակցող մեր հանրության արձագանքից է կախված, թե ի՞նչ ընթացք կունենա այս գործընթացը»:
Անի Կարապետյան