▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմն անխուսափելի է.Պարտավոր ենք Ադրբեջանին հասցնել վերջին հարվածը.Քաղաքագետ

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները: Դրանց թվում էր նաև ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ մեկտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ամերիկյան հետախուզության ղեկավարի հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կարող է դրդել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերի խուսափումը փոխզիջումներից, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի շարունակական ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռքբերումները շարունակում են վտանգ ներկայացնել 2018 թվականին լայնածավալ բախումների համար»:

«Պատերազմն անխուսափելի է: Ես ասել էի, որ աշնանը հավանական է պատերազմ լինի, ինչը հաստատում է ամերիկացիների հայտարարությունը: Եվ, եթե Ադրբեջանը գնահատի իր ուժերի զինվածության չափն ու քանակը և կարծի, որ հաղթելու է՝ սպասե՛ք պատերազմի: Սա ամենևին մեզ չպետք է վախեցնի: ՀՀ Զինված ուժերը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի տեսակետը: Բանակը պետք է շարժել դեպի Ադրբեջանի վերահսկողության տարածք՝ Կուր-արաքսյան խառնարան: Վուդրո Վիլսոնն ասում էր՝ պետություններն առաջին հերթին ժողովուրդներին են պարտավոր պատերազմի նախապատրաստել: Պարտավոր ենք Ադրբեջանին հասցնել վերջին հարվածը, որից հետո պետք է դադարի ֆաշիստական պետություն լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ մեր ռազմական դաշնակցի առջև էլ պետք է հարց դնենք, որն է՝ ո՞ւմ դաշնակիցն են նրանք:

«Եթե Հայաստանի դաշնակիցն են, պարտավոր են առանց բլեֆի, սուտ հայտարարությունների պաշտպանել ՀՀ շահերը: Նրանք հստակ պետք է պատասխան տան»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է իշխող կուսակցության համագումարում Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարությանը՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ դրան պետք է լուրջ վերաբերվել:

«Մի դեպք պատմեմ: Արմեն Գարոն իր հուշերում գրում է, որ Թալեաթը մեկ անգամ հայ երևելիներին իր մոտ է կանչում: Ասում է ռուսականություն, ռեֆորմ, պոչ խաղացնել, վերջացրե՛ք այդ ամենը: Արմեն Գարոն ասում է՝ բա որ չտա՞նք: Պատասխանում է՝ մորթելու ենք բոլորիդ, հայությունը ոչնչացնելու ենք: Նույն ենթատեքստը սա ունի: Համոզված եմ, որ Անկարայից են հուշել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին