▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ներքին ուժերը Արցախ մեկնած կամավորներին ձերբակալում էին.Կոռնիձորի Արո

«1988 թվականին սկսված մեր շարժումը տանում էր դեպի Հայաստանի անկախացում, որի առաջնային խնդիրներից մեկը լինելու էր Ծովից ծով Հայաստանը, հողերի վերադարձը, բայց ռուսական կայսրությունը մեզ շեղեց՝ ուշադրություն հրավիրելով արցախյան պայքարի վրա: Անկախություն, ինքնավարություն էր ընձեռվում: Ադրբեջանի գյուղերում կար լույս, գազ, իսկ Արցախում չկար գազ, լույսը կիսատ էր, նրանք էլ՝ անհույս: Հայ ժողովուրդը միավորվեց ու սկսեց պայքարել: Թշնամին չէր սպասում, որ հայկական փոքրաթիվ ուժը կարող էր ոտք դնել Արցախ: Դա հիստերիա առաջացրեց Բաքվում ու իրեն օգնող մեծ պետությունների մոտ: ՌԴ ներքին ուժերը մեր տղաներին ձերբակալում էին, երբ նրանք ՀՀ-ից ներթափանցում էին Ղարաբաղ՝ այն  պաշտպանելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)՝ շարունակելով.

«Պատերազմում պարտված Ադրբեջանն այսօր ունի 139 հերոս, իսկ մենք չունենք կենդանի հերոսներ՝ «շնորհիվ» մեր իշխանությունների: Մարդիկ, ովքեր հեռու էին Ղարաբաղյան պատերազմից, հիմա առաջնային դեր ունեն, իսկ շարժման մասնակիցները հանրության ամենավերջին խավն են ներկայացնում: Ինչևէ, շնորհավորում եմ Ադրբեջանին՝ պարտության համար, եւ հայ ազգին՝ Արցախյան հաղթանակած շարժման համար»:

Ազատամարտիկը չի հասկանում, թե ի՞նչ ասել է ժամանակավոր զինադադար.

«Ռուսաստանին դուր չեկավ դրսից բերված մեր հարսը, կամ Եվրոպային ու ԱՄՆ-ին մի բան դուր չեկավ, Ադրբեջանի միջոցով պատերազմ են հրահրում: Պետք է ունենանք որոշում ու շարժվենք այդ ուղեգծով»:

Պատմաբան, հրապարակախոս Արմեն Կարապետյանն էլ հորդորեց հույս չդնել միջազգային ուժերի վրա:

«Նրանք մեզ շատ են դավաճանել: Հայը, երբ իր հույսը դրել է այլ ուժերի վրա, պատմությունը միշտ ողբերգական ավարտ է ունեցել: Իսկ հիմա Ադրբեջանը սպասում է Հայաստանի թուլացմանը, որպեսզի իրականացնի իր նպատակը: Նրանք հենց այնպես չեն խոսում, ավելին՝ սերունդներին դաստիարակում են այնպես, որ անպայման պետք է Հայաստանի հողերը վերցնենք: Այնպես չէ, որ Ալիևն էր, մի բան հաչեց»,-նշեց Արմեն Կարապետյանը:

Նրա հետ չհամաձայնեց Արա Խուդավերդյանը.

«Ադրբեջանցիները միշտ ցանկացել են ոտքերը լվալ Սևանում ու թեյ խմել Երևանում ու  նման լոզունգներ ունենալով՝ 7 շրջան պարգևեցին մեզ: Ալիևը հիմա, եթե Սևանի, Երևանի ու Զանգեզուրի անունն է տալիս, կկորցնի ամբողջ Ադրբեջանը: Դա կապացուցենք»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին