Թուրքիան ագրեսիա է նախապատրաստում: Մենք պետք է կանխավ դիմենք ՀԱՊԿ-ին, ՌԴ ԱԳՆ-ին, քանի որ խոսքը հենց Հայաստանին սպառնացող վտանգի մասին է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Եթե արցախյան հարցում լինի ֆորսմաժորային իրավիճակ, չի բացառվում, որ թուրքական զինված ուժերը հարձակվեն Մեղրիի վրա և փորձեն այդ ուղղությունով անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի հետ»,–նշեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ընդգծելով.
«Սկզբում պետք է լաց լինի երեխան, որպեսզի նրան կեր տան: Կարսի պայմանագիրն այսօրվա դրությամբ ամբողջությամբ խախտվել է: Թուրքիան ուղղակի անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքը չունի: Այնտեղ արդեն ռազմական բազաներ են տեղակայված, տարածքը տնտեսական ազատ գոտի է հայտարարված, այն էլ թուրքական լիրայով: Զորավարժությունների ժամանակ այդ տարածքում թուրքական զորքի քանակն ավելի շատ է, քան ադրբեջանականինը, և որևէ մեկը չի կարող խանգարել, որ նրանք փոխեն զգեստն ու դառնան ադրբեջանական բանակ»:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ նկատեց.
«Նախիջևանից միջին հեռավորության զենքը՝ ասենք «Սմերչ» կամ «Տոչկա-Ու», կարող է հասնել Երևան: Նախիջևանով կարող են ներխուժել Մեղրի ու Սյունիք:
Նախիջևանում տեղակայված է մեծ քանակի ադրբեջանական զորք, կան նաև թուրքական բանակի համար հանգստյան գոտիներ, որոնք հարկ եղած ժամանակ կվերածվեն ռազմական բազաների: Մենք պետք ամեն ինչ անենք, որպեսզի նրանց նպատակը չիրականանա»:
Անի Կարապետյան