«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են:
«Երեխային պետք է տանք ռազմահայրենասիրական դաստիարակությունը անկախ սեռից։ Պետք է հոգեպես ու բարոյապես հայրենի հողը պաշտպանելու պատրաստ լինեն: Եթե ռազմահայրենասիրական դաստիարակություն չունենան, զենքին չտիրապետեն, ո՞նց կարող են պատրաստ լինել: Ուստի, առաջարկում ենք ոչ թե 8-12, այլ ցածր դասարաններից սկսել ուսուցումը: Կարևոր է նաև դասագրքերի որակը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այժմ ռազմագիտության ուսուցիչ, իսկ նախկինում արցախյան պատերազմի մասնակից Սամվել Վանեսյանը:
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-գնադապետ Արկադի Տեր-Թադևոսյանն էլ նկատեց.
«Չորս կողմից թշնամիներով ենք շրջապատված, պետք է մտածենք՝ ինչպե՞ս անենք, որ պահենք դարերով եկած մեր հողերը: Ռազմահայրենասիրությունը մտնում է հայրենասիրության մեջ։ Զարգացած երկրում առաջին տեղում հայրենասիրությունն է։ Չեմ էլ ուզում ասել, թե հիմա ի՞նչ վիճակում ենք: Միայն զենք վերցնելը չէ ռազմահայրենասիրությունը։ Մեր արժեքները չպետք է մոռանանք»:
Շարունակելով գեներալ-գնադապետի խոսքը՝ Սամվել Վանեսյանը նշեց.
«Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին կիրառեց նորագույն զենքեր՝ գնված Իսրայելից, ՌԴ-ից, բայց պարզվեց՝ հարցը նոր զենքի ու դրա չափի մեջ չէ, այլ հայրենասիրության: Հիշենք մեր հերոսներից Արմենակ Ուրֆանյանին ու Ռոբերտ Աբաջյանին: Ուրֆանյանի զոհվելուց հետո կրտսեր սերժանտ Աբաջյանն իր վրա վերցրեց հրամանատարությունը: Սպան արդեն չկար, բայց դիրքը չհանձնեցին ու մինչև վերջին կաթիլ արյունը նրանք պայքարեցին: Երեխաները պետք է որոշ չափով պատրաստված գնան բանակ ծառայելու: Գոնե պատկերացում ու գաղափար պետք է ունենան»:
Անի Կարապետյան