Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որևէ փորձ չի հաջողելու»,- նշել է Փաշինյանը։
Հարցին, արդյոք հնարավոր է Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրեն, եթե նա լքի ՀՀԿ-ն, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ»։
Հարցին, թե կարող է ինքը լինել վարչապետ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի։ Կարծում եմ այդպես էլ կլինի։ Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը և իր թիմը պատրաստ են ՀՀ-ն առաջնորդելու, և այս պահին դեռ խոսում են ժամանակավոր կառավարության մասին:
Հարցին, վարչապետ ինչպե՞ս եք դառնալու, հրապարակո՞ւմ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա:
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից