▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի է, որ ՀՀԿ-ն դեռ ինչ-որ բաներ է ասում.սա Հայաստանի ողբերգությունն է.Քաղաքագետ

«Սա շանս է՝ ազատվել հանցավոր ռեժիմից ու նոր բան սկսել: Հեղափոխությունը պետք է հաջողությամբ ավարտենք: Հակահեղափոխություն չպետք է թույլ տալ Հայաստանում, քանի որ սարսափելի սցենարներ կլինեն և Հայաստանն ուղղակի կկորցնենք:  ՀՀԿ-ն ընկնում է և պետք է օգնենք, որ այդ հանցախումբն ամբողջությամբ վերանա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: 

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին՝ քաղաքագետը նկատեց.

«Նրա հետ Սերժ Սարգսյանը շատ վատ վարվեց.օգտագործեց, դարձրեց գործիք, գիտակցաբար վարկաբեկեց, որպեսզի թույլ լինի: Գաղտնիք չէ, որ ժողովուրդը դրական ընկալում ուներ թեկուզ Կարեն Կարապետյանի իմիջի առումով: Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը դեմ չէր ու խաղում էր Սերժ Սարգսյանի սցենարով: Նա ժողովրդին համոզեց, որ ինքն է լինելու վարչապետ, չնայած գիտեր, որ Սերժ Սարգսյանն է լինելու ու վերջին պահին հենց ինքը հայտնեց այս մասին: Սերժ Սարգսյանը սա արել էր նրան ստորացնելու համար: Կարեն Կարապետյանը չմոռացավ դա ու այս հեղափոխական ալիքի վրա փորձեց պալատական հեղաշրջում կատարել: Հաջողեց ու որոշեց, որ ինքը կարող է լինել երկրի ղեկավար: Հոգով-սրտով դարձավ ՀՀԿ ու սկսեց գործել նրանց մեթոդներով, երաշխիքներ տվեց, որ ՀՀԿ-ականների իշխանությունը կմնա, այսինքն, սկսվեց հակահեղափոխական գործընթաց: Կարեն Կարապետյանը համակարգը դեռևս կենդանի է պահում: Կարծում եմ, եթե չլինի ապազգային գործիչ, այնպես կաներ, որ ՀՀԿ-ն կառավարման բոլոր լծակները հանձներ Փաշինյանին՝ առանց կեղծ պատրվակների: Հիմա ժողովուրդը պետք է պայքարի, որ երկրում ժողովրդավարական ու համակարգային փոփոխություն լինի: Նախկին համակարգն իրեն սպառել է, ոչնչացել, բայց չի հեռացել»:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե ՀՀԿ-ն առաջ տանի իր որոշումն ու վարչապետի թեկնածու առաջադրի, քաղաքագետը պատասխանեց.

«Չգիտեմ: Վախենում եմ մտածել: Ցավալի է, որ այս ամենից հետո ՀՀԿ-ականները դեռ խոսում են: Ինպե՞ս են կառավարելու այս երկիրը, պատկերացնո՞ւմ են: Կարմիր գծեր կան, որոնց անցնելուց հետո մարդկանց հարաբերությունները չեն վերականգնվում, անհնար է հետ գնալ: Հիմա ժողովրդի ու ՀՀԿ-ի միջև   եղած կարմիր գծերը խախտված են: Սարսափելի է, որ նման պայմաններում ՀՀԿ-ն դեռ ինչ-որ բաներ է ասում: Սա Հայաստանի ողբերգությունն է: Հայ ժողովուրդը հանդուրժող է: Ինչպես դարերի ընթացքում հանդուրժել է արտաքին կեղեքողներին, այնպես էլ ներքիններին: Սա շատ տխուր հանգամանք է: Հեռացնում ենք, բայց հանցավոր մի խումբ դեռ խոսում է: Սա ծայրահեղ բարության դրսևորում է, չգիտեմ, թե որքանո՞վ է լավ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին