ԱԺ հատուկ նիստին այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ի նշան բողոքի, 10 րոպեով լքեց դահլիճը: Պատճառը ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանի և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանն էր` անցկացվող բողոքի ակցիաներին բազմաթիվ անչափահասների մասնակցության վերաբերյալ:
Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե դա երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»:
Այս հարցուպատասխանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.
«Ես հիմա ձեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես դուք եք սովորաբար վարվում. ես հիմա 10 րոպեով կլքեն դահլիճը` ի նշան բողոքի, որ դուք այդ կերպ եք խոսում երեխաների իրավունքների մասին։ Հուսով եմ` հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչպետ, այլևս երբեք նման հայտարարություն չեք անի: Սա ես ասում եմ` առանց ակնկալելու պատասխան»:
Սա ասելուց հետո Արա Բաբլոյանը լքեց դահլիճը։