▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանն ապշեցնող է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

«Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական կեղծիքներից մեկն այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից: 

Հիշեցնենք, որ այս թեմայով ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով և փաստացի ապացուցել, որ հենց Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմն են եղել Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեղավորները :

Պատմական փաստերն ապացուցում են, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): 

Ասվածը հերթական փաստացի ապացուցելու համար մեջբերենք մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում:

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները):

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»։

Կարդացեք նաև` Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանը` բացարձակ անգետ. Լևոն Տեր-Պետրոսյան

Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, հայտնի է նաև հանրության վերաբերմունքը դրանց նկատմամբ. Վիգեն Սարգսյան

Ստեփանակերտը պետք է նորից դառնա բանակցություների մասնակից. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին