Հայաստանի Ազգային ժողովում այսօրվա՝ մայիսի 23-ի նիստը սկսվեց բանավեճով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ քվեարկության դրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է դատապարտյալների պայմանական վաղակետ ազատ արձակմանը:
Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջարկ կա օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկել հատուկ ռեժիմով, այսինքն`այսօրվա նիստում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որ երկրորդ ընթերցումը տեղի կունենա ժամը 15.00 - 15.30-ի սահմաններում, որպեսզի վաղը միայդ այդ քվեարկության համար ԱԺ նիստ չհրավիրվի:
Նաիրա Զոհրաբյանը Վահրամ Բաղդասարյանի առաջարկին հետևյալ կերպով արձագանքեց. «Ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն է, ուստի եթե ոմանց համար վաղը աշխատանքի գալը ծանր բեռ է, մեր կարծիքով դա մեր պարտականությունն է: Որևէ հրատապություն չենք տեսնում, որ այսօր հրատապ պազմակերպել երկրորդ ընթերցման քվեարկությունը»:
Վահրամ Բաղդասարյանն էլ հակադարձեց. «Ով ուշ է ընկալում, ուշադիր լսեք իմ ասածները, որ ընկալեք: Այսպես, թե այնպես, մենք այդ օրենքը պետք է քննարկենք այսօր եւ ավարտենք: Եթե ուզում եք վաղը քվեարկենք, վաղը քվեարկենք»:
«Ուշ ընկալողը դուք եք»,-տեղից բացականչեց Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ այստեղ բորբոքել եւ ճիշտ պատկերացումներ ունենալ առաջարկի վերաբերյալ: