▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ գործարքի մեջ չեմ մտնելու, որևէ կողմնակի բիզնես չեմ ունենալու. Նիկոլ Փաշինյան

 


Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով  Կառավարության ծրագիրը։ Նա իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում անցկացված բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են` բացառությամբ 1991թ. նախագահի և 1999թ. ԱԺ ընտրությունների.

 

 

 

 

 

 

 

 

 

«Արտահերթ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր թիմի համար ամենաձեռնտու տարբերակը կլիներ, քանի որ մենք կհաղթենք բացարձակ մեծամասնությամբ, սակայն դրանով նախկին իշխանություններից չենք տարբերվի` ամեն ինչ անելով պահպանել իշխանությունը։ Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, որպեսզի հասցնենք ընտրական նախապատրաստություններ տեսնենք, որպեսզի տեղեկացված ընտրություն կատարել կարողանան մեր քաղաքացիները։ Ինչու է անհրաժեշտ անցկացնել արտահերթ ընտրություններ, քանի որ պետք է հեռանա կեղծիքներով ձեւավորված օրենսդիր այս իշխանությունը»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ արտոնյալներ երկրում չեն լինելու.

«Դա ես սկսելու եմ իմ ընտանիքից, շրջապատից ու հարազատներից։ Հպարտ եմ հայտարարել, որ որդիս դիմում է գրել ու կամավոր հիմունքներով զինծառայությունն անցկացնելու է Արցախում։ Այն պաշտոնյաները կամ նրանց որդիները, որոնք զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ են գտել` խուսափելու զինծառայությունից, ներկայանան զինկոմիսարիատներ։ Կոչ եմ անում արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք հետախուզման մեջ են, վերադարձեք հայրենիք, սա նոր Հայաստան է, որտեղից չեն փախչում։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք։ Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան. երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ, ապա դա հնարավոր է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ գործարքի մեջ չեմ մտնելու ու որեւէ կողմնակի բիզնես չեմ ունենալու, ու նույնը պահանջելու եմ յուրաքանչյուր պաշտոնյայից։ Ամենահեռու ու մութ ծակերից հանելու ենք բոլոը կոռուպցիոներներին։ Բոլորը հարկվելու են նույն կերպ, քանի որ մինչ այս պահը խճճված ու գլուխկոտրուկների հասնող մեխանիզմներ են գործել։ Ցանկացած ներդրման երաշխավորն եմ ինձ համարում ու հանձնարարել եմ ԱԱԾ, որ ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին ստեղծվի։ Պետք է նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա։ ՀՀ-ից պետք է արմատախիլ անենք ընտրակաշառքի արատավոր երեւույթը, դա պետք է համարվի անպատվաբեր գործ։ Բովանդակության պայքար պետք է լինի քաղաքականությունը»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինելու` ՀՀ-ն մնալու է ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ.

«Որոշ շրջանակներ փորձում են մեր Կառավարության կազմում փնտրել արեւմտամետ, ռուսամետ, ամերիկամետ կամ հակառուսական, կամ հակաարեւմտամետ ուժերի ազդեցություն։ Սա անիմաստ փնտրտուք է, Կառավարության կազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են ու դրանից դուրս այլ կարգավիճակի հաստատումը թյուր ըմբռնման հետեւանք է»:

Նա անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը` նշելով.

«Ռոբերտ Քոչարյանը, որը ԼՂՀ ընտրված նախագահ էր, Սերժ Սարգսյանը, որը մասնակցել էր արցախյան պատերազմի կազմակերպչական հարցերին, կարող էին բանակցություններին  ներկայացնել նաև Արցախի կողմը։ Նույն բանը ես չեմ կարող անել. ես ինքս ինձ չեմ կարող վերագրել Արցախի անունից բանակցելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք»:

Ըստ պարոն Փաշինյանի` Թուրքիայի հետ ևս պետք է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին