Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ որոշել էր խոսել բացառապես ծրագրի մասին.
«Սակայն սնամեջ դատողությունների եմ հանդիպել մամուլում, ըստ որոնց ՀՀԿ մեր գործընկերների սիրտը կոնկրետ թիվ է ուզում։ Քաղաքականությունը ինձ համար ինչ-որ տեղ ճշգրիտ գիտություն է, դրա համար հիմա փորձեմ ներկայացնել ՀՀԿ բոլոր Կառավարությունների «խալաստոյ» բոլոր խոստումները։ Սկսենք ամենամեծ բլեֆից` ՀՀԿ վարչապետերից մեկը 850 մլն դոլար ներդրումների մասին խոսեց, բովանդակություն շահելու անհաջող փորձեր սկսեցին նախարարները, որը արդյունքում համաշխարհային տնտեսագիտության մեջ բլեֆագիտության հանճարեղ փորձ էր։ Շարունակենք շարքը` Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը, Գյումրու տեխնոպարկ, 8-10 տոկոսային կետով աղքատության կրճատում։
Աղքատության ցուցանիշն այսօր կազմում է 30 տոկոս, որին, եթե գումարենք աշխատող աղքատների թիվը, կունենանք 60 տոկոսանոց աղքատություն։ Այս դահլիճում ներկա նախկին մի պաշտոնյա, Բոնապարտին վայել վստահությամբ հայտարարություն էր անում, թե բոլոր դպրոցները համակարգիչներով են հագեցված լինելու։ Այդպես էլ չեղավ»: