▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Վարչապետի ելույթը դուրս եկավ, ավելի լավ խոսեց, քան ծրագիրն էր ներկայացված, ելույթն ավելի լավն էր, քան հարց ու պատասխանը, հարց ու պատասխանն էլ ավելի լավն էր, քան ծրագիրը: Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիր մասին իր ելույթում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա Փաշինյանի ելույթից հասկացել է, որ կառավարության ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Պարո՛ն վարչապետ, երբ Դուք ընդդիմադիր էիք, փայլուն ելույթներ էինք ունենում, վստահ եմ, որ կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կանեիք, ինչ ելույթ կունենայիք: Երբ 1919 թ.-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետերից մեկին, իր նամակի մեջ գրել էր՝ Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»,- ասաց նա:

Աշոտյանը, խոսելով ծրագրի բովանդակության մասին, հեգնանքով ասաց, թե շատ լավ ծրագիր է, քանի որ ոչ մի ժամկետով կամ ցուցիչով կառավարությանը չի կաշկանդում, իսկ հետագայում էլ ինչպես կստացվի, դրա շուրջ էլ կառավարությունը կխոսի: 

Նա շեշտեց, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում հակասություններ կան հայտարարությունների և ծրագրի միջև:

«Տվեք մեծ արցախյան խնդրի կարգավորման այսօրվա իշխանության բանաձև, որ մենք, անկախ մեր քաղաքական տարաձայնությունից, այն առաջ տանենք: Գոնե ականջիս ասեք, եթե չեք ցանկանում բարձրաձայն ասել: Մի վտանգավոր բան, որը խնդրում եմ, մինչև քվեարկելը շտկեք՝ ես միշտ գիտեի, որ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Արցախի ու ՀՀ-ի վրա, որովհետև Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը: Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է, խնդրում եմ՝ հանե՛ք այս «հիմնական կողմ» արտահայտությունը, չի կարելի սա թողնել»,- ընդգծեց Աշոտյանը:

Պատգամավորին զարմացնում է այն հանգամանքը, որ Չինաստանի ու Հնդկաստանի հետ համագործակցությունը նույն սանդղակի վրա է դրված: Նա հիշեցրեց նոր կառավարությանը՝ այս երկրներն աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ ունեն և շատ տարբեր դերակատարներ են:

Արմեն Աշոտյանը, խոսելով տնտեսական բլոկի մասին, հայտարարեց, թե «փառահեղ էր» և copy paste էր արված Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներից:

 

 

 

 

 

 

 

 


«Սիրելի նախարարներ, այն ինչ կարելի վարչապետին, չի կարելի վարչապետի ցլերին, մի քիչ աշխատեիք տեքստի վրա: Հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է, կարո՞ղ է «Մադամ Տյուսոյի» հետ մոմե արձանների սրահ բացեք՝ հեղափոխությանը նվիրված: Չեմ հասկանում՝ Գառնին, Գեղարդը, Մատենադարանը, Սևանը, Ծաղկաձորն ու Սևանը ձեզ ի՞նչ են արել, որ միայն հեղափոխական տուրիզմի վրա եք շեշտ դրել»,- նշեց պատգամավորը:

Նա հորդորեց նախարարներին չաշխատել այնպես, որ հաջորդ օրը լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քանի որ այդ պարագայում կձախողեն:

 

Արմեն Աշոտյանը չի հերքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատերը սիրում են, սակայն գտնում է, որ նախարարների՝ վարչապետի թիկունքում թաքնվելը սխալ է: 

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ելույթներին, Արմեն Աշոտյանն ասաց. «Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնտեսվարողի դեր ունեցող քաղաքական ուժ, ինչն ակնհայտ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին