▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը խոսել է Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը:

«Գիտեք, մենք, ըստ էության, ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում՝ ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ արդեն հուլիսի 1-ից օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Այսինքն, մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որևէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ արտահայտում է մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու համար: Եվ սա ամենակարևոր արձանագրումն է, որովհետև գիտեք, որ կառավարությունում էլ կան նախարարներ՝ շատ հարգելի, հեղինակավոր, ովքեր պնդում են, որ այդ համակարգն ընդհանրապես սահմանադրականության հետ կապված խնդիր ունի: Առաջ են քաշում տարբեր խնդիրներ և մեր մոտեցման անկյունաքարը հետևյալն է՝ մենք սրանով ժամանակ ենք շահում, որպեսզի խնդիրը հանդարտ պայմաններում քննարկենք և կարողանանք հասնել համաձայնության, համաձայնեցված որոշումների:


 

 

 

 

 

 

 

 

Մենք ունեինք երեք տարբերակ՝ առաջին տարբերակն օրենքի գործարկումը հետաձգելն է. ինչո՞ւ մենք չգնացինք այդ ճանապարհով. մի պարզ պատճառով, քանի որ այն փոփոխությունը, որ իրականացրեցինք՝ կոչվում է սիրո և համերաշխության հեղափոխություն: Այստեղ համերաշխության սկզբունքը կարող էր խախտվել, որովհետև այն 207 հազար մարդկանց, ովքեր ինչ-ինչ լծակներով արդեն համակարգի մեջ էին՝ մենք փաստորեն պետք է նրանց ասեինք դուք մնացեք նույն վիճակում, մենք ձեզ ոչնչով չենք ուզում և չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհն այն 80 հազար քաղաքացիների հետ: Այսպիսով կխախտվեր համերաշխության սկզբունքը: Հաջորդը, արդյոք օրենքի չեղարկումը կա որպես տարբերակ, ինչու մենք չենք գնացել այդ տարբերակով: Նշել եմ բազմաթիվ պատճառներ՝ կապված մեր տնտեսության ներդրումային միջավայրի և այլնի հետ, բայց ամենակարևոր փաստարկը հետևյալն է. եթե մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք, որ այդ համակարգը պետք է չեղարկվի՝ դա կարող ենք անել նաև 2 ամիս հետո և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բայց եթե մենք հիմա չեղարկենք, հետո մտածենք՝ ճի՞շտ ենք անում, թե ոչ, պրոցեսն այլևս հետ չենք կարող բերել: Այսինքն, եթե մենք քայլ անենք, հետո մտածենք՝ արդյոք ճիշտ էր այն, դա կարող է իր հետ բերել աղետների: Շատ կարևոր է, որ այս հարցում կայացնենք այն որոշումը, որն ընդունված է անվանել «տեղեկացված որոշում»:

 

 

 

 

 

 

 

 

Այսինքն, մենք ժամանակ ենք շահում, որպեսզի բոլորով, ներկայացուցչական մակարդակով հասկանանք բոլոր մանրամասները և եթե օրինակ երեք ամիս հետո կպարզվի, որ չեղարկումը պետք է տեղի ունենա՝ մենք դա կարող ենք անել նաև երեք ամիս անց և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բոլորը կստանան իրենց գումարները մինչև վերջ՝ ներառյալ տոկոսները: Երրորդ տարբերակը հետևյալն է՝ ամեն ինչ թողնել նույնը, այսինքն, որևէ բան չփոխել: Սա կնշանակեր, որ մենք, այսպես ասած, ընդամենը տրվում ենք հոսանքին և ասում, որ որևէ բան չենք պատրաստվում փոխել, քննարկել: Ուստի մենք եկանք այդ տարբերակին, որպեսզի համերաշխության և բալանսավորված մոտեցում ցուցաբերենք: Գիտեմ, որ այդ որոշումը ներկաներից շատերի համար ցավոտ է, ես իսկապես ցավում եմ, որ ստիպված ենք եղել կայացնել այդպիսի որոշում, բայց դա ամենաբալանսավորված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք ունենք հնարավորություն և առաջիկա ամիսների մեր խնդիրն է լինելու հանդարտ պայմաններում այդ հարցը քննարկել, կայացնել մի որոշում, որը կլինի կամ կոնսենսուսային, կամ շատ մոտ կլինի կոնսենսուսին»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին