▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտես, թե այդ տուփից ինչեր դուրս կգան և կկործանեն մեզ՝ և Ձեզ այդ թվում. Հոգևորականը դիմում է վարչապետին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 
Մեծարգո պարոն վարչապետ,
ես էլ, ինչպես շատերը մեր ժողովրդի մեջ, հետևում եմ Ձեր հաջողություններին և ուրախանում, որ այստեղ կամ այնտեղ արդարության ծիլեր են ի հայտ գալիս և ժողովրդի համար դառնում հույսի և հավատի առհավատչյա: Աստված Ձեզ զորավիգ լինի բոլոր արդար և ազգանպաստ ձեռնարկումներում, պահապան լինի չար աչքի ու ձեռքի դեմ: Սակայն վերջին իրադարձությունները, կապված Ամենայն Հայոց Հայրապետի հետ, տարակուսանքի մեջ գցեցին ինձ և ինձ նման շատ Հայ եկեղեցու զավակների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դարերի ընթացքում նույնիսկ շատ մահմեդական տիրակալների, խաների, բեկերի և էմիրների համար է կարևոր եղել Հայ եկեղեցու խաղաղությունը, և նրանք պարբերաբար խառնվել են Եկեղեցու կյանքին այն ժամանակ, երբ այնտեղ երկպառակություններ են հայտնվել: Նրանք կարգավորել և հաշտեցրել են երկու կողմերը, հանդուրժողականություն են սերմանել միմյանց հանդեպ, չնայած եկեղեցին իրենց պետությունից անջատ է եղել, ինչպես հիմա: Նրանք շատ լավ գիտակցել են` ինչքան կարևոր է Հայ եկեղեցու դիրքը, ազդեցությունը, հեղինակությունը շրջապատի մեջ, պետության ներքին կյանքի հավասարակշռության և նույնիսկ արտաքին հարաբերությունների մեջ: Եվ սա մտածել են մահմեդական ղեկավարները, ոչ քրիստոնյաները:

Մի՞թե ասելով, որ պետությունը եկեղեցուց անջատ է, Դուք կարող եք հանգիստ նստել և նայել՝ ինչպես է հրապարակավ հեղինակազրկվում եկեղեցին / ես ասում եմ՝ եկեղեցին, որովհետև հեղինակազրկելով կաթողիկոսին, ապստամբները հեղինակազրկում են նաև ամբողջ Հայ առաքելական եկեղեցին /։ Ես Նորքի ծերանոց եմ այցելում ամիսը երկու անգամ՝ շփվելու ծերերի հետ, հաղորդություն տալու ոմանց։ Վերջին անգամ ծերանոցի սաները սկսեցին քննադատել Հայ առաքելական եկեղեցին՝ մեղադրելով նրան ինչի մեջ ասես։ Միայն երևի գրենլանդական կետերի անհետացման խնդրի մեջ չմեղադրեցին մեզ։ Անընդհատ ասում էին՝ ձեր եկեղեցին։ Մինչ այդ այն ընդհանուր էր, բոլորինն էր, հիմա դարձել էր միայն մերը։ Եվ սա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման շնորհն է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր շենքում և հարակից շենքերում բոլորը մեզ գիտեն։ Երբեք չի եղել, որ իմ ընտանիքը չհարգեն, ինչ-որ բանում մեզ մեղադրեն։ Վերջերս շենքի մոտ կնոջս շրջապատած հարևաններից ոմանք նույն անբարյացակամ տոնով սկսեցին մեղադրել, արտասանել՝ ձեր եկեղեցին, խմեցիք ժողովրդի արյունը, կերաք ժողովրդի փողերը։ Եկեղեցում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարդիկ ագրեսիվ կեցվածք են ցուցաբերում քո հանդեպ, երբ փորձում ես իրենց խորհուրդ տալ: Տարրական հանդիմանանքի դեպքում, ասենք` եկեղեցում ծամոն չեն ծամում, հարգելի կանայք, մի խոսեք, խանգարում եք և այլն, մարդիկ չարացած վրա են տալիս, հասկացնելով` սուս մնա, դու խոսելու տեղ չունես, տերտեր: Չէ՞ որ ըմբոստ ցուցարարները կարծես թե պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ Որտեղի՞ց այդ չարությունը եկեղեցու հանդեպ ընդհանրապես։ Իսկ ես կասեմ՝ դարերի մեջ այն մի քանի անգամը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ըմբոստություն է եղել, դարձել են պատճառ եկեղեցու դեմ շարժման, աղանդավորության ակտիվացման, համատարած ամբարտավանության և հոխորտանքի, որոնց արդյունքում էլ հայ աշխարհի վրա թափվել է Աստծո պատուհասը և բարկությունը։ Նորից եմ հարցնում՝ Դուք կարող եք հանգիստ նայել՝ ինչպես են Մայր Աթոռի վեհարանի տարածք մտած ցուցարարները տանտիրոջ իրավունքով տնօրինում այնտեղ և սադրանքնե՞ր անում։

 

 

 

 

 

 

 

 

 

Նույնիսկ ընտանիքում, երբ մեկը մեղքեր է գործում, հարազատները ձեռքերը չեն լվանում և կողմ քաշվում։ Նրանք աշխատում են շտկել վիճակը, հորդորել, հաշտեցնել, փրկության եզրեր գտնել։ Գուցե Դուք անտարբե՞ր ե՞ք, պատասխանատվություն չե՞ք զգում Եկեղեցու ճակատագրի հանդեպ։ Հեղափոխականների մեծ մասը կամ եկեղեցուն դեմ են եղել կամ անտարբեր են եղել։ Եթե այդպես է, եթե Դուք սրտացավություն չունեք Հայ եկեղեցու ճակատագրի հանդեպ, ուրեմն ես դիմում եմ Ձեզ որպես երգահան, բանաստեղծ, շատ հանրաճանաչ երգերի հեղինակ կամ համահեղինակ / դրանց թվում նաև «Հոգու կանչ » երգը, որը կատարում է Գագիկ Բադալյանը, և որը հեղափոխության առաջին իսկ օրերից կար Ձեր ֆեյսբուքյան էջում / Դուք դա լսել եք /։ Ինձ արվեստի աշխարհում գիտեն Վահան Անդրեասյան անունով, և եթե իմ որոշակի վաստակը հայ երգի բնագավառում Ձեզ համար մի քիչ գոնե նշանակություն ունի, ապա ես հիմա աղերսով դիմում եմ Ձեզ՝ քանի դեռ ուշ չէ, միջամտեք, ցուցարարներին հորդորեք ելնել վեհարանի տարածքից, եզրեր գտեք այս «ներեկեղեցական» բախումը լուծելու համար / ես փակագծերի մեջ եմ առնում այդ բառը, քանի որ չեմ հավատում, որ բախումը միայն ներեկեղեցական է /։ Եկեղեցու ոլորտում միշտ եղել է որոշակի երկյուղ և ակնածանք տաճարի հանդեպ։ Այդ ակնածանքը տարածվում էր նաև ծառայողների վրա։ Աստված դարերով սովորեցրել է մարդուն երկյուղ ունենալ սրբությունների հանդեպ։ Ծննդոց գրքում կա Ուխտի տապանակի պատմությունը, որտեղ պահվում էին Մովսեսի տաս պատվիրաններն Աստծո կողմից տրված, գավազանը և ուրիշ սրբություններ։ Աստված խստորեն արգելել էր բաց անել այդ արկղը։ Հրեաները, որոնք սովորել էին այդ Տապանակին, որն ամեն օր տարիների ընթացքում ուղեկցում էր իրենց ամենուրեք, մի օր չեն դիմանում հետաքրքրասիրության գայթակղությանը և բացում են այն։ Սուրբ Գիրքն ասում է, որ տեղում 70 մարդ մահացավ այդ արարքից։ Մարդիկ խախտեցին Աստծո պատգամը և պատժվեցին։ Այդպիսի օրինակներ կան նաև քրիստոնեական եկեղեցում։ Կան արգելքներ, որոնք չի կարելի խախտել։ Չի կարելի, օրինակ, գահընկեց անել օծված կաթողիկոսին։ Դա նշանակում է չեղյալ հայտարարել Աստծո օծումը, անվավեր համարել այն, ավելի տեղ տալ մարդկային արդարությանը։ Պետք է ակնածանք ունենալ և երկյուղ Աստծո տաճարի հանդեպ։ Մայր Աթոռը սովորական տաճար չէ։ Այնտեղ իջել է Միածինը, այնտեղ է Գառան գահը, որի մասին կա Հովհաննու հայտնությունում։

 

Եվ ահա այնտեղ՝ վեհարանի տարածքում, ցուցարարները վրաններ են խփել, իրարանցումներ են սարքում, կոպիտ արտահայտություններ են նետում, ծաղրում հոգևորականներին, սեփական սադրանքները ներկայացնում որպես սադրանքներ հոգևորականների կողմից՝ նպատակ ունենալով գրգռել սմարտֆոններով դիտող ժողովրդին։ Եվ այս ամենը ժողովրդի մեջ սերմանում է սանձարձակություն, թույլատրելիի սահմանն անցնելու գիտակցություն, չարություն, ամբարտավանություն։ Մայր Աթոռը դառնում է քաղաքական ելույթների բեմահարթակ, հասարակ հրապարակ, սովորական մի տարածք, որտեղ ամեն ինչ կարելի է անել։ Այսպիսի իրավիճակում մարդն աստիճանաբար օտարանում է Աստծուց, դառնում իր սեփական արդարության զինվոր և հետևորդ, այսինքն՝ հեղափոխական։ Բայց եկեղեցին հեղափոխության հարթակ չէ, ոգևորվելով հեղափոխության հաջողություններից՝ չի կարելի այդ պայքարը տեղափոխել եկեղեցի։ Դա նշանակում է հայտարարել, որ չկա կենդանի Աստված, կանք միայն մենք, մեր արդարությունները, ճշմարտությունները, ցանկությունները, պահանջները։ Մենք կորցնում ենք զգոնությունը, Աստծո ներկայության գիտակցությունը, իրական վիճակի պատկերացումը, որի արդյունքում լինում է այն, ինչ եղավ Ուխտի տապանակը բացողների հետ, ինչ եղավ հայտնի քաջ և հայրենասեր մեր սպարապետի հետ, որը համարում էր, որ ինչ ինքը որոշում է, դա ճիշտ է և ազգի համար նպատակահարմար։ Այդ մտքով էլ նա մտավ Մայր Աթոռ և սկսեց տնօրինել կաթողիկոսական ընտրությունների ժամանակ այնպես, ինչպես տնօրինում էր հայ աշխարհի բոլոր անկյուններում։ Բայց Աստծո տանը չի կարելի տնօրինել աշխարհիկ մարդուն, դրա իրավունք ունեն միայն հոգևորականները, այն էլ ոչ ամեն ինչում։ Աստծո հետ չի կարելի խաղալ, Աստծուն չի կարելի փորձել։ Հավելեմ, որ ցուցարարների մեջ կան նաև աղանդավորներ՝ հատուկ ծրագրով՝ քանդելու մեր եկեղեցին / համենայնդեպս մեր տեղեկությունների համաձայն /։

 


 

 

 

 

 

 

 

 

Եթե Ձեզ, մեծարգո պարոն վարչապետ այս ամենը հոգևորականի բարբաջանք է թվում, այդ դեպքում աղերսս ուղղեմ Ձեզ՝ որպես աշխարհիկ մարդ Վահան Անդրեասյանը մշակույթ սիրող /նկատել եմ / և մշակույթի լեզուն գուցեև ավելի ընդունող Նիկոլ Փաշինյանին, որին հանձնել են Պանդորայի տուփը։ Չի կարելի թույլ տալ, որ թավշյա հեղափոխության հետևորդները բացեն այդ տուփը։ Այնտեղից չգիտես՝ ինչեր դուրս կգան և կկործանեն մեզ / և Ձեզ այդ թվում /։ 


Հարգանքներով՝ Թովմա քահանա Անդրեասյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին