ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Հանդիպման մեկնարկին Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ուրախ է, որ հանդիպում են այստեղ և հանդիպելու են նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովի շրջանակներում։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Մակրոնին՝ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։