Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։
Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք , ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը։
Հայկ Մարությանն ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։
«Բայց հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի չենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 15, 20, 30 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ:
1945թ․-ից հետո գերմանացիները կարողացան վերականգնել ավերված երկիրը։ Մենք մեր քաղաքը այնպիսի քաղաք ենք սարքելու, որ գերմանացիները գնանք պատմեն իրենց մոտ մեր քաղաքի մասին»։