▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր հատուկ այս առիթով Աննային ասել էի, որ գար. Փաշինյանը հանրահավաքում խոսեց ընտանիքի մասին

Էջմիածինը կարող է ունենալ Նոր Հայաստանի առաջին կին քաղաքապետը, եթե ստանա ժողովրդի աջակցությունը այս կիրակի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Էջմիածնում նախընտրական քարոզարշավի իր ելույթի ժամանակ:

«Աշխատանքը կնոջը երբեք չի խանգարում, մի մտածեք, որ եթե կին է քաղաքապետը, պետք է մտավախություններ ունենալ, կարծել նրա մոտ ոչինչ չի ստացվում: Էջմիածինը պետք է դառնա հեղափոխության մայրաքաղաքը, որը հեղափոխությունից հետո ընտրելու է կին քաղաքապետ:

 

 

 

Ես այս ամենն ասում եմ իմ անձնական ընտանիքի օրինակով: Դուք գիտեք, որ Աննան ակտիվ գործունեություն է ծավալում, նա ակտիվ է եղել նաեւ իմ բանտում գտնվելու ընթացքում, սակայն դա չի խանգարում, որ ես իմ ընտանիքը համարեմ հայկական ավանդական ընտանիք, որտեղ մեծանում է 4 երեխա:

Ես այսօր հատուկ այս առիթով Աննային ասել էի, որ գար»:

Այս խոսքերից հետո Աննա Հակոբյանը միացավ բեմում գտնվողներին, կանգնեց քաղաքապետի թեկնածու Դիանա Գրիգորյանի կողքին:

«Նրանք, ովքեր չեն տեսնում, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել, նրանց ուզածն ընդամենն այն էր, որ ընտրություններին մի մարդուն փոխարինի մեկ այլ մարդ, մեկ թայֆային մյուսը, մեկ օլիգարխին մյուսը: Ես ասում եմ, Հայաստանում ավարտվել է կլանների դարաշրջանը: Միայն ժողովուրդն է որոշում, թե ով լինի քաղաքապետ, ով լինի վարչապետ:

 

 

 

Հայաստանում փոխվել է այն, որ բռնությունն այլեւս չի կարող լինել որպես քաղաքական գործիք: Նրանք, ովքեր մտմտում են, որ այս օրերին ծածուկ մի տեղից անցնեն իրենց գործերին, կստանան ժողովրդի հուժկու հակահարվածը: Անկախ նրանից, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս եւ ուր են գնում: Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որտեղ օրենքի գերակայությունն անառարկելի է:

Մենք մտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո եւ համերաշխության հաղթանակով: Հայաստանի քաղաքացին մեկ այլ քաղաքացու տեսնելիս առավոտյան պետք է ժպտա, որովհետեւ տեսնում է իր հարազատին, որովհետեւ սա սիրո ու հարգանքի հեղափոխություն է:

Հայաստանում այլեւս տեղ չունի փողով ձայն կամ կարծիք առնելը: Հայաստանում արդեն ժողովրդինն է իշխանությունը, եւ դրա վկայությունն է այն, որ օրերս Դիանա Գրիգորյանը քաղաքի իշխանության բանալին հանձնեց ժողովրդին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշում եք, ես օդում բռնեցի այն ընկնելիս, ես ահա այդպես կպահեմ ձեր իշխանությունը, պինդ պահեք այդ բանալին, սրանից հետո իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին:

Մենք այսօր մի կառավարություն ենք, որը խոնարհ է ժողովրդի իշխանությանը:

Կիրակի օրը դուք հնարավորություն ունեք իրականացնել հեղափոխության նոր փուլը՝ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին ազատ, անկախ ընտրություններում ընտրել առաջին կին քաղաքապետին:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը,

կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ արդեն 5 ամիս ապրում ենք ազատ, անկախ հայրենիքում:

Հպարտանում եմ բոլորովդ, սիրում եմ բոլորիդ»,- եզրափակեց Ն. Փաշինյանն ու մեկնարկեց երթ՝ Էջմիածնի փողոցներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին