Ֆեյսբուքյան ուղիղ եթեր ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ իրենց առաջարկած նախագծի վերաբերյալ:
«Հասնում են տուն, նայում եմ գրառումները ու ի՞նչ. surprise: Պարզվում է, որ բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել կառավարության նիստից, որի համաձայն պարզվում ա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի ահաբեկչական կուսակցություն է: Բայց հեռուստաընկերությունները մեղավոր չեն, ընդամենը տվել են վարչապետի խոսքը: Թիվ մեկ պաշտոնյան այնպիսի բաներ ա խոսում, որ կապ չունի մեր նախագծի հետ և այդ ասածների արդյունքում մարդիկ մտածում են, որ մենք ահաբեկչական նախագծեր ենք ներկայացնում»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսքը ազդեցիկ է հանրության համար և զանգվածային լրատվության միջոցներով այն հրապարակելը մարդկանց շրջանում թյուրըմբռնումների տեղիք կտա:
«Չե՞ք ամաչում Դուք: Պատկերացնում եք՝ ինչ ա կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ տեղեկություններ տարածես, որ իրականությանը չե՞ն համապատասխանում: Ուրիշ բան ու գործ չունե՞ք Դուք, չե՞ք ուզում նախագիծը՝ մերժեք այն: Սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում: Էս ի՞նչ ա կատարվում ստեղ. Դուք անճանաչելի եք դարձել, պարոն վարչապետ: Մեռանք՝ Ձեր ասած հերյուրանքները հերքելով: Ուրիշ բան ու գործ չունե՞ք, դադար տվեք, որ աշխատենք: Հազար բան եք խոստացել՝ արեք: Սերժ Սարգսյանի կոստյումից եք նեղանում, էս օրենքի մերժումից հետո պարզվեց գալստուկն էլ եք կապում»,- ուղիղ եթերի ժամանակ նշեց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պահանջում է, որ հեռուստաեթերում՝ մասնավորապես Հանրայինի եթերում տրվի հերքում այդ տեղեկատվության վերաբերյալ: Նա առաջարկում է, որ Հանրայինով ցուցադրեն իր ֆեյսբուքյան տեսաուղերձը: