ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Deutsche Welle-ի լրագրողի հարցին.
Deutsche Welle. Պարոն նախարար, գիտեմ, որ Գործընկերության խորհրդում Հայաստանն ավանդաբար ներկայացաված է արտգործնախարարի մակարդակով: Այդուհանդերձ, արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նախատեսում գլխավորել Խորհրդում Հայաստանի պատվիրակությունը։ Նկատի ունեմ, խորհրդանշական կլիներ ցույց տալ, թե որոնք են Ձեր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Շնորհակալ եմ։
Զոհրաբ Մնացականյան․ Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ Հայաստանն առավել շատ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևին, այլ բովանդակությանը։ Եվ կրկնեմ, որ վարչապետի անմիջական մասնակցությամբ ունեցել ենք բոլոր մակարդակներով փոխանակումների, քննարկումների և հանդիպումների դինամիկ տարի։ Այս տեսանկյունից բավականին հագեցած տարի էր, և մենք դրանով կանգ չենք առնելու:
Ես հենց նոր բացման խոսքում նշեցի վարչապետի երեք 3 այց: Երկկողմ այցը տեղի է ունեցել այս տարվա մարտին, նախկինում եղել է մեծ ներգրավվածությամբ հանդիպում Բրյուսելում 2018թ.-ին, երբ մենք ունեցանք ներգրավվածություն ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ նախագահ Տուսկի, նախագահ Յունկերի և բարձր հանձնակատար Մոգերինիի հետ: Ուստի կարծում եմ, որ վարչապետը անձամբ շատ լավ ճանաչում է Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին այսքան ծավալուն և դինամիկ երկխոսության և ներգրավվածության շնորհիվ: Ուստի այդ առումով որևէ կասկած չկա:



