Մայրաքաղաքի բեռնաթափման ծրագիրը ոնց որ թե սկսում է կյանքի կոչվել:
Ամեն դեպքում այսօր` Գյումրիի օրվա շրջանակներում Հանրապետության երկրորդ քաղաքում, կամ ինչպես իրենք` գյումրեցիներն են ասում` հայրաքաղաքում գտնվող վարչապետը անուղղակի կերպով խոսել է այդ մասին:
Մասնավորապես Տ. Սարգսյանն ասել է, որ այս տարվա մեջ կան հստակ մշակված ծրագրեր ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար; Կառավարության ղեկավարը նաև խոստացել է, որ ՀՀ կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի և որը միտված է Գյումրիում աղքատության կրճատմանը և արտագաղթի տեմպերը կրճատելուն:
Թե ինչ նկատի ունի վարչապետ Սարգսյանը դեռ հայտնի չէ. սակայն եղած տեղեկատվությունը բավական ընդարձակել է Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, վերջինս նախ հաստատել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի պիտի տեղափոխվի, ապա նաև ասել, որ տեղափոխելը միայն ժամանակի խնդիր է և իրատեսական ծրագիր է, և որ հիմա մարզպետարանն աշխատում է մեկ այլ ուղղությամբ, որ Գյումրի տեղափոխեն նաև ՀՀ սպորտի նախարարությունը:
Ինչևէ մնում է միայն հուսալ, որ Գյումրու համար մշակված համալիր ծրագիրը այն ժամանակ չի ներդրվի, երբ քաղաքում միայն գործող քաղաքապետը մնացած լինի, և այն ինչ որ օգուտ կտա տանջված հայրաքաղաքացուն: