▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ կփորձեն ֆիզիկապես վերացնել, բայց արյունարբու Լիսկան պետք է կանգնի դատաստանի առաջ».Սամվել Հարությունյան

Հայրենակիցնե՛ր:
Տխրահռչակ Լիսկան 2013 թ․ հունիսի 1-ին Գորիսի իր առանձնատան դիմաց հերթական սահմռկեցուցիչ ոճրագործությունից, Բուդաղյան եղբայրների արյամբ հագենալուց հետո օգոստոսի 8-ին իբրև Սուրեն և ոչ որպես Սուրիկ Խաչատրյան, ինչպես նշված է անձնագրում, իր զոհերից մեկի՝ Արևիկ Միրզոյանի փեշից բռնած դիմել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը ինձ՝ իր ավելի քան 50 ոճիրները մերկացրած Սամվել Հարությունյանիս, հրապարակածս փաստերից երկուսի առնչությամբ ճանաչի զրպարտիչ և իր օգտին ինձնից բռնագանձի մեկուկես միլիոն դրամ: Դատարանը, խախտելով ընդունված կարգը, հաշվի չառնելով Լիսկայի իրական և հայցադիմումում ներկայացված անունների անհմապատասխանությունը, անգամ չպահանջելով նրա անձնագրի պատճենը՝ աճապարել է նշված հայցադիմումը ընդունել իր վարույթ և միայն սեպտեմբերի 30-ին կայացած առաջին նիստի ընթացքում իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի միջամտությամբ է գիտակցել թույլ տված սխալը: Դատական նիստին ներկա է եղել ոչ թե հայցվոր Սուրեն, այլ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը: Անշուշտ, հայցվոր կողմի կատարածը իրավական անգրագիտություն է, իսկ դատարանի վերաբերմունքը՝ առնվազն անփութություն: 

Դատարանը՝ Անի Մխիթարյանի նախագահությամբ, նիստին հայցվորի բացակայության հիմնավորմամբ հետաձգել է դատական նիստը և այն նշանակել 2013 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, իրավապաշտպաններին և այլ անձանց, որոնք ուշադրության կենտրոնում են պահել այդ դատավարությունը․ ես վստահ եմ, որ հենց ամսի 24-ից սկսած՝ սպասվում են շատ հետքրքիր զարգացումներ:

Հետաքրքիր է՝ ո՞վ է ներկայանալու այդ նիստին՝ հայցվոր Սուրեն Խաչատրյա՞նը, թե՞ ոմն Սուրիկ Խաչատրյան: 

Սա՝ իմիջիայլոց, հիմա՝ ըստ էության: Լիսկան դատարանում փորձում է վիճարկել իր արտասովոր քրեական ընթացքի մասին հրապարակածս փաստերից ընդամենը երկուսը: Ինչո՞ւ չի վիճարկում մյուս հիսուն փաստերը: Անշուշտ, այն պատճառով, որ գիտակցում է դրանց զորավորությունը: Դրանք աղաղակող, անհերքելի ապացույցներ են և միայն այդ պատճառով է, որ հակառակ պահանջներիս, մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել իրավապահ համակարգի կողմից:

Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները հանդգնություն չունեն քրեական գործ հարուցելու և գերադասում են շարունակել Լիսկայի ծանր ոճիրների նկատմամբ իրենց հանցավոր անգործությունը: Անկասկած, այս պայմաններում ևս լռությունը համաձայնության նշան է: Լիսկան հայցադիմումում նշել է, որ ես իբր իրեն զրպարտել ու վիրավորել եմ իր պատիվն ու արժանապատվությունը (մեղա, մեղա), որ ինքը կապ չունի 1992 թվականի դեկտեմբերի 26-ին Արևիկ Միրզոյանի սպանության փորձի և 1996 թվականի փետրվարի 17-ին Գորիս քաղաքի բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա կրակելու փաստերի հետ: Պնդում եմ, որ ի թիվս բազում հանցանքների՝ Լիսկան, միայն Լիսկան է հեղինակել այդ ծանր ոճիրները: Արդեն պարզել եմ, որ Արևիկ Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ Սիսիանի դատախազությունում հարուցված քրեական գործը մինչ օրս կարճված չէ, գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության վարույթում, և ես վկայի կարգավիճակով օրերս երկու անգամ ցուցմունքներ եմ տվել Սուրիկ Խաչատրյանի կատարած առանձնակի ծանրության այդ հանցագործության մասին:

Ըստ Aravot.am լրատվական կայքում 2013 թվականի հունիսի 12-ին հրապարակված Սիսիանի դատախազության նախկին աշխատակցի տեղեկությունների՝ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու՝ Կորնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.-ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ: «Գնում են Զորզորում հաց ուտելու: Ինչպես վկայում է դատախազության նախկին աշխատակիցը Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ տալու, պատգամավորների անունները չեմ հիշում, այլապես կասեի: Այն ժամանակ Զորզորն իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր՝ հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են, քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ.-ին ասում է՝ երգիր... Ա.Մ.-ն ամաչում է, բայց որ շատ է ստիպում, մի հատ երգում է: Մի տասը րոպեից հետո էլի ասում են՝ երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է՝ «քու տիրոջ մերը...» ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր: Բայց սրանք գործն իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն, իբր անհայտ մարդ է եղել կրակողը, չեն հայտնաբերել: 1990 թվականից առ այսօր այդ մարդը անպատիժ է մնում: Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, ինքը Ա. Մ.-ին դեպքից հետո հանդիպել է դատախազության շենքի մոտ, հարցրել՝ ինչո՞ւ չի բողոքում. «Ասաց՝ ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից»:

Այսպիսով Լիսկան 1992 թ․ դեկտեմբեի 26-ին ատրճանակով կրակել, հրազենային ծանր վնասվածքներ է պատճառել իրենից հղի սիրուհու՝ Արևիկ Միրզոյանի որովայնին, սպանել դեռ չծնված իր իսկ երեխային: Սիսիանի բժիշկները վիրահատել և դժվարությամբ են փրկել Արևիկի կյանքը:

Ա․ Միրզոյանը սեփական նախաձեռնությամբ և ամունսու ուղեկցությամբ 1999թ․ մայիսի 30-ին կայանալաիք ՀՀ ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ՝ հավանաբար համոզվելով, որ մեծ շանս ունեի հաղթելու Սուրիկ Խաչատրյանին և ընտրվելու պատգամավոր՝ ներկայացել է Գորիսի քաղաքի կենտրոնում տեղակայված իմ ընտրական շտաբ, մի շարք անձանց ներկայությամբ պատմել նշված հանցագործության մանրամասները՝ նշելով, որ եղել է Լիսկայի սիրուհին , նրանից հղիացել է, որ իր վրա կրակել է Լիսկան, որ կորցրել է երեխային, ինքն էլ հրաշքով է փրկվել, որ այդ մասին գրավոր հայտնել է նախաքննական մարմնին, որ հաշվի առնելով Սուրիկ Խաչատրյանի չձերբակալվելու իրողությունը և վերջինիս կողմից իրեն ուղղված սպառնալիքները, ահ ու սարսափից դրդված՝ հետագայում հրաժարվել է իր հայտնած տեղեկություններից և նշել, որ անհայտ անձ է կրակել իր վրա: Արևիկը անգամ փորձել է բացել և մեզ ցուցադրել կրակոցի հետևանքով իր պատառոտված որովայնը: Մենք կանխել ենք նրա ցանկությունը: Ես Արևիկին հավաստիացրել եմ, որ իր անարգված իրավունքները կպաշտպանեմ միայն այն պարագայում, եթե ինքը բողոքով դիմի ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին: Դա եղել է Արևիկ Միրզոյանի հետ ունեցածս միակ հանդիպումը:

Լիսկայի այդ հրեշավոր հանցագործության մասին անցած տարիներին հայաստանյան մամուլում եղել են հրապարակումներ, որոնցից ոչ մեկի դեպքում Սուրիկ Խաչատրյանը չի դիմել դատական պաշտպանության:

Պ․ Սևակը, նկարագրելով Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք ելուզակների վայրագությունները, շեշտել է․ «Եվ մանկաբարձի նշտարի տեղակ, թուրն էր կատարում կեսարյան հատում»:

Ես էլ ասում եմ՝ եթե թուրքը իմանար, որ հայ կնոջ արգանդում իր երեխան էր, չէր օգտագործի իր յաթաղանը: Այդպիսի վայրագության ընդունակ են միայն Լիսկան և նրա վայրագությունները պարտակած դատախազները:

1993 թ․ հունվարի 19-ին, հիմք ընդունելով, որ նշված հանցանք կատարելու մեջ միակ կասկածյալ Ս․ Խաչատրյանը հանդիսանում է Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատարը, հարուցված քրեական գործը տեղափոխվում է ՀՀ զինվորական դատախազության վարույթ, զինդատախազությունը ոչ միայն չի ձերբակալում առանձնակի ծանրության հանցագործության հեղինակ Ս․ Խաչատրյանին, այլ այդ օրվանից դառնում է արյունարբու Լիսկայի նշված և այլ դաժան ոճիրների պարտակողը: Այդ քրեական գործը այժմ էլ գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության վարույթում, որովհետև չէին կարող կարճել:

Լիսկան, ոգեշնչվելով ամենազորավոր հովանավորների փաղաքշական վերաբերմունքից, անմիջապես անցնում է այն ժամանակ իր առջև դրված գերխնդրի՝ ՀՀ իշխող վերնախավին անհնազանդ Գորիսի քաղաքապետի ֆիզիկական ոչնչացման կամ առնվազն իմ պաշտոնանկության իրականացմանը:

Հայաստանի բարձրագույն իշխանավորների՝ իմ նկատմամբ դրսևորած հակակրանքի պատճառն այն էր, որ ոչ միայն վաստակածս հեղինակությամբ 1992 թ․ մայիսի 5-ին հանդգնել եմ եռապատիկ ավելի ձայներով հաղթել ՀՀՇ-ի թեկնածուին և ընտրվել Գորիսի քաղաքապետ, հավուր պատշաճի կատարել ծառայողական պարտականություններս, այլև հրավիրվել 1992 թ․ հունիսի սկզբներին մասնակցել եմ ԼՂՀ ԳԽ-ի առաջին սպանված նախագահ Արթուր Մկրտչյանին փոխարինող ընտրելու նպատակով գումարված նստաշրջանին, պարտքս եմ համարել ելույթ ունենալ այդ նստաշրջանում, Արցախի պատգամավորներին համոզել չենթարկվել պարտադրվող քաղաքական խարդավանքներին, հրաժարվել անկայությունություն առաջացնող ընթացքից, չկարևորել կուսակցական պատկանելությունը, հարգել Արթուր Մկրտչյանի հիշատակը և ընտրել պատերազմը դիմակայող Արցախին արժանի առաջնորդ: Զգուշացրել եմ նաև, որ քաղաքական անկայունությունն անմիջապես փոխանցվելու է մարտական դիրքերին և Խոջալուի, Շուշիի, Լաչինի փառապանծ հաղթանակներին հաջորդելու են ցավալի պարտությունները:

Ուրախ կլինեի, եթե սխալվեի: 10 օր հետո կորցրեցինք Շահումյան-Գյուլիստանը, կարճ ժամանակ անց՝ Մարտակերտ քաղաքը և այդ շրջանի մեծ մասը:

Մահացու վտանգը կախվեց Արցախի գլխին: Հետագայում մեծագույն կորուստների և հայոց ուժերի գերագույն լարումով միայն կարողացանք հետ բերել կորցրածի մի մասը, կոփել պանծալի այլ հաղթանակներ:

Գրավոր խոսքով 1993 թվականի փետրվարի սկզբներին կարողացել եմ ազդել Սիսիանի շրջխորհրդի նստաշրջանի վրա և պատգամավորներին համոզել ազատորեն ընտրել Սիսիանին արժանի նախագահ: Պատգամավորները հենց այդպես էլ վարվել են և նստաշրջանի վերջին՝ 7-րդ օրը հանդգնել են ընտրել անկուսակցական նախագահ: Մինչ այդ՝ 1992 թ․ սեպտեմբերի 20-ին ելույթ եմ ունեցել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի սպանված նախագահ Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորության ընթացքում և հայտարարել, որ ընկերս դարձել է հայաստանյան մաֆիայի զոհը, որ հաջորդն իմ հերթն է:

Հանրապետության ղեկավարությունը ծայրահեղ բացասական գնահատական է տվել իմ ընթացքին և որոշել Լիսկայի հրոսակախմբի միջոցով հասնել ասպարեզից իմ հեռացմանը:

1993թ․ օգոստոսի 6-ին հանդիպել և առանձնազրույց եմ ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա հաստատել է, որ իմ հանդեպ հակակրանքի պատճառը ելույթներս են և ընդունել, որ հենց ես եմ Արցախում ունեցածս ելույթով կանխել Ռոբերտ Քոչարյանի ընտրվելը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում: Առաջին նախագահին պատասխանել եմ, որ այդ գնահատականը ինձ համար մեծագույն պատիվ է և զարմանք հայտնել, թե ինչու է Արցախի ազատագրական պայքարի ղեկը վստահում կևորկովյան քիսաչիներին: 14 տարիներ անց, 2007 թ․ նոյեմբերի 16-ին մխիթարվեցի, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ մեղայականի խնդիր ունի, որ ունեցել է նաև սխալներ, որոնցից ամենամեծը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բերելը, մեր ժողովրդի վզին փաթաթելն էր, ավելին՝ ժողովրդին փորձանքի ենթարկելն էր, և որ իրեն իբրև գործիք օգտագործելու միջոցով ազատվենք փորձանքից:

Առաջին նախագահը ընդամնեը երեք ամիս հետո՝ 2008-ի փետրվարի 15-ին էլ Կապանում հայտարարեց, որ իր համոզմամբ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի անցել բարոյականության սահմանը, երբ Լիսկան մեկ օր առաջ Գորիսի ընտրական շտաբի ճակատից դեն էր նետել Լևոն Տեր-Պետրոսյանի անվամբ և նկարով պաստառը և բռնությամբ փակել իր գրասենյակը:

Վերադառնանք 1993 թ․ փետրվար:
Արևիկ Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի առկայության պայմաններում Լիսկան զինված բանդայով փետրվարի 25-ին հարձակվում է Գորիսի քաղաքային իշխանության վրա, որի ընտրված նախագահն էի, գրավում քաղաքապետարանի շենքը, պատանդ վերցնում ինձ (խորը ափսոսանք եմ ապրում, որ այդ օրը Աստծո կամոք մոռացել, զենքս չեմ վերցրել և անզեն լինելու պատճառով չեմ կարողացել դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության, ինչի համար խուսափել եմ իմ աշխատասենյակում գնդակահարվելուց և սպանվելուց), խուզարկություն կատարում իմ աշխատասենյակում, հափշտակում քաղաքային իշխանության կնիքը, ճակատիս պարզած ատրճանակների, հրացանի և ինքնաձիգների սպառնալիքի տակ ինձ փորձում ստիպել գրավոր հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից: Անշուշտ ես չեմ ենթարկվել այդ բիրտ պահանջին: ՀՀ իրավապահ համակարգի հանցավոր անգործության պատճառով Գորիսի քաղաքային, պետական իշխանության շենքը մեկ օր զավթված է եղել Լիսկայի զինված հրոսակախմբի կողմից, և միայն հաջորդ օրը պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի՝ Գորիս ժամանելուց և գորիսեցիներից ներողություն խնդրելուց հետո է քաղաքային իշխանության շենքն ազատագրվել: Վերահաստատում եմ, որ Գորիսի քաղաքապետարանի շենքի գրավումը Լիսկայի ռազմական միակ հաջողությունն է: 

Փետրվարի 26-ին և դրան հաջորդած օրերին այդ եզակի ծանրության հանցագործությունը համապատասխան որոշումներով դատապարտել, Լիսկայի և նրա բանդայի անդամների ձերբակալությունն են պահանջել Գորիսի քաղխորհրդի գործկոմը, քաղխորհրդի նախագահությունը, քաղխորհրդի նստաշրջանը, գորիսեցիների հավաքը, Կապանի քաղխորհրդի գործկոմը, տեղական այլ իշխանություններ, մի շարք կազմակերպություններ, կուսակցություններ:

Այդ բոլոր որոշումները ՀՀ բարձրագույն իշխանություններում և իրավապահ համակարգում ընկալվել են ընդամնեը «Ձայն բարբառոյ հանապատի»:

ՀՀ զինվորական դատախազությունն այդ առանձնակի ծանրության հանցագործության փաստի առթիվ հարուցում է քրեական գործ: Լիսկան այս անգամ ևս ոչ միայն չի ձերբակալվում, անգամ չի ազատվում Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատարի պաշտոնից, իսկ մեկ տարի անց՝ արտակարգ հանձնարարությամբ Գորիսի քաղխորհրդի պատգամավորների ճակատներին դրված զենքի և այլ սպառնալիքներով փորձում է հասնել իմ պաշտոնանկությանը: Այս անգամ նույնպես ձախողում է:

Անշուշտ, այլևս զզվելի էր այդ պայմաններում անգամ ի պաշտոնե առնչվել ՀՀ իշխանավորների հետ, և ես 1994 թ․ մայիսի 25-ին Գորիսի բնակիչների հանրահավաքի զորակցությամբ և դրական գնահատականին արժանանալուց հետո հոժարակամ հրաժարվել եմ քաղաքային իշխանության նախագահի լիազորություններից: Նշված և այլ առանձնակի ծանր ոճիրների հեղինակ, 1972 թվականին միջնակարգ դպրոցից հեռացված, մինչ 1988 թվականը գողության, չարամիտ խուլիգանությունների, արցախցի ուսանող Կարմեն Առուստամյանին մեկ աչքից զրկելու, ամուսնացած և երկու դուստրեր ունենալու պայմաններում ամուսնանալու նպատակով թուրք աղջիկ առևանգելու և բռնաբարելու համար չորս անգամ դատապարտված, տարիներ շարունակ կալանավայրում անցկացրած Լիսկան 1994 թվականի մայիսի վերջին կարգվում է Գորիսի քաղաքապետի տիրակալ, 1995 թ․ հուլիսին էլ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղաքապետի և պատգամավորի կարգավիճակով սկսում հափշտակել ամեն ինչ: 

Նա 1996 թ․ փետրվարի 17-ին կրակում և հրազենային ծանր վնասվածքներ է պատճառում Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանին, ինչը նույնպես վիճարկվում է դատարանում: Վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց : Ռենտգեն կանբինետում նրան նկարելու ժամանակ այնտեղ է ներխուժում Լիսկայի զինված եղբայր Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղալար) և կրակահերթ արձակում այդ կաբինետում: Հանցագործությունների այդ փաստի առիթով Գորիսի դատախազությունում հարուցվում են քրեական գործեր, որոնք արժանանում են նախորդ քրեական գործերի բախտին: Սուրիկ և Սեյրան Խաչատրյանները այս անգամ նույնպես ոչ միայն չեն ձերբակալվում, այլ մինչև օրս շարունակում են իրենց քրեական հաղթարշավը: Այդ երկու ոճիրներից կարճ ժամանակ անց ՀՀ առաջին նախագահի հրամանագրով 1996 թ․ սեպտեմբերին Լիսկան պարգևատրվում է պետական բարձր պարգևով՝ «Արիության համար» մեդալով:

Հեղինակած հարյուրավոր հանցանքերից հետո իր եղբորորդիներ Մայիս և Էյներ Խաչատրյանների կողմից 2004 թվականի փետրվարին Գորիս քաղաքի բնակիչ, երեք անչափահասների հայր Հովհաննես Բադալյանի առանձնակի դաժանությամբ ապանությունից օրեր անց գորիսցի ելուզակ Լիսկան կարգվում է Սյունիքի մարզպետ: 

Այդ պաշտոնում նա և իր բանդան բազմապատիկ եռանդով շարունակում են թալանել ոչ միայն արծվաբույնից հավաբուն դարձրած լեռնահայաստանի մայրաքաղաք Գորսիը, համանուն տարածաշրջանը, այլ հափշտակում ողջ Սյունիքի ֆինանսական և այլ ավելի քան երկու հարյուր միլիոն դոլարի կարողություններ, որոնք ավելին են քան Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքների և Սյունիքի մյուս 105 համայնքերի վերջին 22 տարիների բյուջեները միասին վերցրած:

Պատերազմին պատվով դիմակայած և 28․000 բնակիչներ ունեցող Գորիս քաղաքը Լիսկայի կործանարար իշխանության տարիներին ցամքել և այժմ ունի առավելագույնը 10․000 բնակիչ: Նախագահական վերջին ընտրություններին լիսկայական մամլիչ մեքենան Գորիս քաղաքում «թխել» է ռեկորդային մոտ 11․500 ընտրողների մասնակցություն․ ահա ինչ է լիսկայական ընտրություններ:

Արիության համար մեդալին հաջորդում են պետական մյուս բարձր մեդալներն ու կոչումները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ձեռամբ Լիսկան 2013 թ․ մայիսի 9-ին ստանում է «Մարտական խաչ» շքանշանը: Ես ապշահար եմ, որ 1968 թվականին Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Մերգելյանի, Հայաստանի առաջնորդ Անտոն Քոչինյանի ջանքերով Գորիսում բացված բարձրագույն ուսումնական հաստատությունը, որ հետագայում դարձավ Գորիսի պետական համալսարան, որն անցել է փառապանծ ուղի, ինչպես հիմա իր ճակատից չի կարողանում նետել պարտադրված ամոթանքի խարանը և մինչև օրս կառավարման խորհրդի պաշտոնում հանդուրժում է խորհրդի նախագահի պաշտոնում Լիսկայի ավելորդությունը, իսկ ուսխորհրդի նախագահի պաշտոնում էլ՝ մինչ օրս հանդուրժում է մարդասպան որդու Տիգրան Խաչատրյանի ավելորդությունը:

Այս ամենից հետո Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Անի Մխիթարյանի նախագահությամբ, կհանդգնի՞ մերժել մեր ժամանակների հակահերոս, առանձնակի վտանգավորության հանցագործ, ՀՀԿ-ի բարձրագույն արժեք, Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության պահապան-հրեշտակ Լիսկայի հայցադիմումը: Դժվար թե Պարգև Օհանյանի օրինակը վարակիչ լինի:

Հայրենակիցնե՛ր, շատ վաղուց ես իմ կյանքը ընկերներիս հետ միասին դրել եմ հայոց ազատագրական պայքարի զոհասեղանին․ մասնավորապես՝ վերջին շրջանի իմ ակտիվ պայքարից հետո չի բացառվում, որ ինձ խոսքից զրկելու և ինձ պայքարի ընթացքից զրկելու համար փորձեն ֆիզիկապես վերացնել ինձ, իմ մեջ վաղուց են սպանել ահուսարսափը: Պատվիրակում եմ այդ պարագայում հրաժարվել լացուկոծից, քելեխի սեղան չի բացվելու: Իմ անշնչացած, բայց դեռևս պողպատյա կամք կրող մարմնովս հենց այդ օրն էլ կբացեք հայաստանյան չարյաց դարպասները, հայրենակիցներ՝ ոչ միայն դատարանում վիճարկվող երկու, ոչ միայն հրապարակածս ավելի քան 50, ոչ միայն Բուդաղյան եղբայրների դնդակահարության այլև կատարած բազմաթիվ այլ հանցագործությունների հատուցման պահը մոտենում է: Եվ արյունարբու Լիսկան, նրա բանդան, առհասարակ՝ լիսկայատիպ բոլոր արարածներն ու նրանց հովանավորները Ազատության հրապարակում հասունացող հայկյան ոգու օվկիանածուփ մրրիկի միջոցով վերջապես կանգնելու են հայոց արդար և ահեղ դատաստանի առաջ:

Աստված օգնական:

Սկզբնաղբյուր կայք` «Առաջին լրատվական»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին