ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը twitter-յան գրառումներով անդրադարձել է կանանց ֆուտբոլին՝ տեղեկացնելով, որ իր 4 դուստրերն ու որդին ֆուտբոլ են խաղում, ու դա նրանց զարգացման վրա դրական ազդեցություն ունի։ Դեսպանը նաև նշել է, որ 1991-ին և 1999-ին ամերիկացի կանանց հաղթանակը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, ազգային մեծ հպարտություն էր։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր.
«Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հայ տղամարդը թույլ չի տալիս իր 8 տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ջարդվի: Իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են, տղամարդկանց ֆուտբոլը։ Հայ տղամարդն ու կինը չպետք ա հավասար լինեն, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց: Պետքա բզբզայիք, որ հրապարակայնորեն ասեի՞»:
Փաստորեն դեսպանը անուղղակի կերպով անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությա՞նը:
Ի դեպ՝ նույն խնդրին անդրադարձել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ մասնավորապես նշելով.
«Երբ ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ մենք անելիք չունենք կանանց ֆուտբոլում, ապա սա արդեն ավելի քան մտահոգիչ է: Նույնն է, թե Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարի, թե մենք կանանց ծանրամարտում անելիք չունենք, քանի որ դա հարիր չէ հայ կնոջը: Իրոք, որ իրավիճակը ֆուտբոլում մտահոգիչ է»: