Երեկ Գյումրի քաղաքում պիտի տեղի ունենար արձակագիր Էդգար Կոստանդյանի մեծ աղմուկ առաջացրած «Որբանոց» վեպի շնորհանդեսը, որն ինչ-ինչ պատճառներով չի կայացել:
Երեկվանից տարատեսակ խոսակցություններ են պտտվում, որ շնորհանդեսի չկայանալը կրում է քաղաքական բնույթ:
Ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի գրառումներում ասվում էր, որ գիրքը, մեղմ ասած, դուր չի եկել վերին օղակներին:
Asekose.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում Կոստանդյանը հերքեց այդ խոսակցությունները: «Դրանք դատարկ, անհիմն խոսակցություններ են, ոչ մի քաղաքական դրդապատճառ չկա, իմ գիրքը քաղաքական չէ: Եվ հետո, եթե արգելելու լինեին, Երեւանում կարգելեին: Խնդիրը զուտ տեխնիկական է, ժամանակի առումով ինչ-ինչ բաներ չհասցրինք, հիմա չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, իսկ շնորհանդեսը ոչ թե հանվել է, այլ հետաձգվել, մոտ ժամանակներս անպայման գնալու եմ Գյումրի»,- Asekose.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Կոստանդյանը:
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստին եւ ընդհանրապես դերասանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, արձակագիրը պատասխանեց. «Վարդանին կալանավորելն էն պարագայում, երբ ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում փախչել ու դրա համար հարյուրավոր մարդիկ պատրաստ են սորագրել, ոչ մի արդարացում չունի: Անկեղծ ասած, լրագրողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեին էս ամենի մեջ, չէր կարելի վարկանիշ ապահովելու համար էսքան հեռուն գնալ: Ի վերջո, էրեխեք են զոհվել: Նման ողբերգության վրա ռեյտինգ ապահովելը մասնագիտական մարմնավաճառություն ա: Վարդանն ուժեղ, պինդ մարդ ա, համոզված եմ, որ հոգեբանական ու ֆիզիկական բոլոր դժվարությունները կհաղթահարի: Առողջություն եմ մաղթում իրեն»: