newsbook.am-ը գրում է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում զետեղել է ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի օնլայն պետիցիան և մեկնաբանություն թողել:
«Թանկագին ընկերներ,
ՕԳՆՈւԹՅՈւՆ ցուցաբերենք Վարդանին՝ ստորագրելով այս օնլայն պետիցիան, որպեսզի նա ՇՏԱՊ վերադառնա հիվանդանոց՝ ստանալու համար ապրելու համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈՒՆ»,- գրել է Ազնավուրն իր էջում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Միմյանց էին բախվել Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Հիսուն րոպեի ընթացքում Շառլ Ազնավուրի պաշտոնական էջում զետեղված մեկնաբանությունն ու պետիցիան հավանել է 590 օգտատեր և հղումով կիսվել ավելի քան 102 մարդ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում