Այսօր` ժամեր առաջ, Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
Հարազատները հերթական նամակն են հանձնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին, որպեսզի այն փոխանցվի Հակոբին:
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հերթական հադիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել:
Երբ փոխանցել են նամակը, նկատել են, որ Հակոբն այն չափազանց մոտ է պահում աչքերին: Հարցրել են, թե տեսողության խնդիրներ ունի՞ արդյոք:
Հակոբը դրական պատասխան է տվել, ապա հետաքրքրվել են, թե նախկինում ակնոց կրել է, թե ոչ:
ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչությունը դիմել է Ադրբեջանի կառավարությանը, որ հայ ռազմագերուն ակնոց տրամադրվի: ի պատասխան` խոստացել են լուծել խնդիրը:
Երևենյան գրասենյակի ներկայացուցիչներն խոստացել են հետևողական լինել` պարզելու համար Հակոբն ակնոց կրում է, թե ոչ:
Հիշեցնենք, որ Հակոբը ադրբեջանցիների տարածած առաջին «հարցազրույցում» արդեն առանց ակնոցի էր, ինչը ժնևյան կոնվենցիայի հերթական խախտումն էր:
Հարություն Ինջիղուկյանի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում տեղեկացրել են, որ Հակոբն արդեն գրավոր դիմում է գրել` երրորդ երկիր փոխադրվելու համար:
Հարազատները խնդրել են նաև Հակոբի հետ հեռախոսազրույց կազմակերպել, սակայն պատասխանել են, որ իշխանություններն արգելք են հադիսանում, իսկ ԿԽՄԿ-ն կարող է ապահովել միայն նամակագրական կապը:
Հարություն Ինջիղուլյանի խոսքով` խնդրել են, որ բառացի Հակոբին փոխանցեն, որ սպասում են, ու եթե հնարավոր է, վերադառնա:
«Հակոբը դիմումը ներկայացրել է Բաքվի կառավարությանը, բայց արդյո՞ք կառավարությունը ներկայացրել է ՄԱԿ-ին: Եթե այո, ապա հուսով ենք, որ ՄԱԿ -ն ավելի արագ կգործի«,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ մեկ անգամ ևս շեշտեց, որ Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի դեպքում նրան քրեական հետապնդում չի սպառնում` մասնավորապես նշելով.
Հայկական կողմը կրկին երաշխավորում է, որ ս.թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով շփման գիծը հատած, դրա հետևանքով ադրբեջանական զորքերի վերահսկման գոտում հայտնված և վերջիններիս կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:
ԿԽՄԿ-ին խնդրվում է Ադրբեջանում գերեվարված հայ զինվորին փոխանցել, որ տուն վերադառնալուց հետո նա ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից՝ շարունակելով մշտապես բնակվել Հայաստանում կամ մշտական բնակության տեղափոխվելով երկրորդ, երրորդ կամ նույնիսկ՝ չորրորդ երկիր:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան