nrnak.com-ը, գրելով, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ստիպեց մի շարք քաղաքական գործիչների հանել դիմակները և ցույց տալ իրենց իրական ողորկ ինքնությունները, անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի՝ Սերվիզի Անդոյի կերպարին: Ինչպես բազմաթիվ ներկայիս գործող պաշտոնյաներ, այնպես էլ Անդրանիկ Մանուկյանն իր կենսագրության միջից հանել է այն փաստը, որ նա ժամանակին եղել է ՀՀՇ անդամ:
Ինչևիցե, երկրորդ նախագահը գնահատել է «փոխակերպուկի» առանձնահատկությունները և թույլատրել է նրա աճը թե՛ քաղաքականության ոլորտում, թե՛ կարողությունների: Մամուլը բազմիցս նշել է Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ գտնվող այնպիսի հնարավորությունների մասին, որոնք անհասանելի են շատ պաշտոնյաների համար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարիներ Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ է գտնվում ԱԺ-ում հաշվառված 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը։ Սա ինքնիրավչության կոպիտ դրսևորում է, քանի որ այսպիսի համարանիշ ունենալու իրավունք ունեն բացառապես Աժ հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։
Իր արտոնությունները հոյակապ օգտագործելով` այժմ էլ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը կարողանում է իր ունեցվածքն ու կարողությունները բարձրացնել նոր փուլ: Նորք Մարաշի իր դղյակով չբավարարվելով՝ նա, առանձնատնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, սկսել է նոր «կալվածքի» շինարարությունը, որն ամբողջությամբ փակել է հետիոտների համար նախատեսված մայթը: Բացի այդ իր առանձնատան մուտքի առաջ կայանված «Lexus» մակնիշի մեքենայի պետհամարանիշը` 01 RR 001, արժե 8 միլիոն դրամ:
Իսկ բիզնեսի տեսանկյունից` nrnak.com-ին հաջողել է պարզել, որ Չարբախում գտնվող գազալցակայանն իր նորանշանակ տնօրենով պատկանում է Անդրանիկ Մանուկյանին. ընդ որում, գազալցակայանի տնօրենն ապօրինի շինարարական աշխատանքներ ծավալելու համար ենթարկվելու է վարչական տույժի: Ա. Մանուկյանի հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում: Երկրի ղեկավարության և Անդրանիկ Մանուկյանի «անկեղծ սերը» այնքան է խորացել, որ նրան պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցը դարձավ միջպետական մակարդակի հյուրերի հիմնական հանգրվանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
72157637938352696