ASEKOSE.am-ի՝ Թբիլիսիից ստացած տեղեկությունների համաձայն՝ համերգների կազմակերպմամբ զբաղվող «Ալեքս Իվենթ» ընկերությունն ու Զառա Մխեյանը դեռ սեպտեմբերին նախատեսել էին կազմակերպել Իրինա Ալեգրովայի համերգը՝ Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում: Այդ համերգին հաջորդելու էր երգչուհու ելույթը Բաթումում: Վրաստանում կայանալիք համերգների տոմսերի արժեքը եղել է 50-180 լարի (40-140 դոլար):
Համերգը, սակայն, չեղյալ է համարվել: Կազմակերպիչները պատճառաբանել են, թե իբր տոմսերը չեն վաճառվել: Թբիլիսիից մեր զրուցակիցները սակայն, նշել են, որ տոմսերի վաճառքը շատ լավ է իրականացվել՝ վստահեցնելով, որ իրենց շրջապատում բազմաթիվ մարդիկ անգամ 2-3 տոմս են գնել: ASEKOSE.am-ի հետ զրույցում նրանք իրենց հիասթափությունն ու վրդովմունքն են հայտնել կազմակերպիչների անպատասխանատվության և վնասները փոխհատուցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկելու մասին:
Նշենք, որ համերգի պաստառի վրա նշված հայկական, ռուսական և վրացական հեռախոսահամարները, համերգը չեղյալ համարելու հաջորդ իսկ օրվանից, անհասանելի են դարձել:
Վրացական թերթերն անդրադարձել են այս միջադեպերին` նշելով, որ թեև արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն համերգի կազմակերպիչ Զառա Մխեյանը տոմսերի գումարները չի վերադարձրել դրանք գնած շատ թբիլիսցիներին, ովքեր էլ ստիպված բողոքով դիմում են լրագրողներին:
Մեր հավաստի աղբյուրներով՝ տուժածները պատրաստվում են ոստիկանություն դիմել՝ իրենց կրած վնասը փոխհատուցելու և ընկերությանն ու Զառա Մխեյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հավելենք, որ Զառա Մխեյանը Հայաստանում հայտնի է իբրև «FORPOSTART» ընկերության հիմնադիր տնօրեն, որը զբաղվում է համերգների ու այլ միջոցառումների կազմակերպմամբ: