Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն իրենց նախաձեռնությամբ այսօր հանդիպել են ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի հետ:
Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիուլյանը:
Հարությունի խոսքով` խոստացել են, որ դեկտեմբերի 12-ին «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների վեհաժողովի շրջանակներում Հայաստան այցելող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ կքննարկվի Հակոբ Ինջիղուլյանի խնդիրը:
Դրանից զատ` Հակոբի հարազատներին է ներկայացվել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նամակի պատճենը` ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Նամակում մասնավորապես նշված է, որ Կաթողիկոսի խնդրանքը կատարվել է, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը տեսակցել է Հակոբ Ինջիղուլյանին` Ադրբեջանում ռուսական և հրեական եկեղեցիների առաջնորդների հետ:
Նամակում նաև նշված է, որ Հակոբ Ինջիղուլյանը չի դժգոհել իր վիճակից:
Մեկ այլ կարևոր նորություն ևս: Հարությունի խոսքով` որոշ աղբյուրների համաձայն` մոտ օրերս ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը մեկնելու է Ադրբեջան: Հարազատները հույս ունեն, որ նրան կհաջողվի տեսակցել Հաոբին:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան