Տեղեկացրել ենք, որ Asekose.am-ի ունեցած տեղեկություններով, Հ1-ը մասնավոր և յուրային ընկերություններից մեկին պատվիրել է զբաղվել Հանրային հեռուստաընկերության PR-ով, ինչպես նաև` իբրև «պլան Բ» ծրագրել Հանրայինի դեմ գրող լրատվամիջոցների հակա-PR:
Թե ինչ ջանքեր կտան Հ1-յան քարոզչության արդյունքները` դժվար է ասել, սակայն պետք է արձանագրել, որ հանրության լայն շրջաններում չի դադարում դժգոհությունը Հ1-ի ղեկավարության վարած եթերային քաղաքականությունից ու ծրագրերի որակից:
Օրինակ` գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ողբալի վիճակում է
Հ1 են լցվել այն միջակները, ովքեր իրենց տեր են զգում: Երբ ամիսներ առաջ գրեցի, որ Հ1-ը իր սերալներով, այժմ արդեն շոուներով ծանրաբեռնված եթերը թույլ չի տալիս հեռուստադիտողին նայել ավելի լուրջ, ուսուցանող, պատմամշակութային հաղորդումներ, որոնք առանց այն էլ եթերում շատ քիչ են ու լավագույն հաղորդումների կողքին կուզենայի առանձնացնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի «Հայից Հայ» հեղինակային հաղորդաշարը, այն եզակի է իր բնույթով. մաքրամաքուր հայերենով, հայի ոգով, հային մեծարող, հային բարձրացնող` արվեստի, մշակույթի, գիտության պատմությունը լուսաբանող, բացառիկ հաղորդաշար, ապա այսօր արդեն էկրանին չենք տեսնում այդ հաղորդումը, որովհետև Հ1 են լցվել այն միջակները, ովքեր իրենք իրենց տեր են զգում: Եթերը լցրել են շոուներով, իսկ «Հայից Հայ» հաղորդումը նույն այդ միջակների և հանձին՝ Ջաղինյան Ռուբիկի համար հաստատ անհասկանալի ու խորթ է եղել, դե կիսաանգրագետ հայերենով խոսացող մարդը, որտեղից հասկանար մաքրամաքուր հայերենով, բացառիկ մի հաորդաշար, որը առնչվում է հայի պատմությանը, արմատներին, մշակույթին, լեզվին… դե չեմ զարմանում, ողջ կյանքում պրիմիտիվ, ցածորակ շոուների մեջ խրված մարդը, որտեղից հասկանա, ինչ բան է մի հաղորդում, որը եզակի է իր բնույթով, որը հատկապես երիտասարդներին էր պետք. դե ինչքան շոուները շատ լինեն, այնքան ազգս թեթև կապրի… Այս ամենը ապացուցում է մի բան, մարդուն զրկել իր հոգևոր արժեքներից, քարոզել՝ հակամշակութայինը… ինչը որ այսօր իր ծանր ձեռքով քանդում, ոչնչացնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: