Նախօրեին համացանցում լայն տարածում գտավ մի լուսանկար, որը վերագրվեց մայրաքաղաքին: Ներկայացված էր այնպես, թե իբր դա Աբովյան փողոցի ամանորյա ձևավորումն է ու,բնականաբար, բազմաթիվ քննադատությունների ու մեկնաբանությունների առիթ դարձավ:
Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման ձևավորում Երևանում գոյություն չունի:
Նրա խոսքով՝
«Նույնիսկ ծիծաղելի է: Ես զարմանում եմ, որ մենք այնքան անգործ մարդիկ ունենք, որ վերցնում են ինչ-որ նկարներ՝ ուրիշ երկրների վերաբերող, կամ ֆոտոմոնտաժ են անում ու ներկայացնում, թե դա Երևանում է: Ցավալի է, որ տարածողների մեջ անգամ դիզայներներ կան: Նմանատիպ ձևավորում Երևան քաղաքում չկա: Այն մարդիկ, ովքեր մեծ երևակայություն ունեն, կարող են խելացի առաջարկներ անել, ոչ թե նման բաներ տարածել: Ինձ համար շատ տարօրինակ է: Ես առհասարակ նման բաների ուշադրություն չեմ դարձնում, քանի որ զավեշտալի է: ինչպե՞ս կարող է նման բան լինել Երևան քաղաքում: Լավ գործերը երբեք չեն նկատում, բայց իրականությանը չհամապատասխանող նկար են տարածում: Յուրաքանչյուրն էլ կարող է ֆոտոմոնտաժ անել, բայց ինչ միտք ունի: Հաշվի առնենք, որ արտասահմանից էլ մարդիկ կան, որ արդեն նկատել են լուսանկարը և նրանց համար էլ զարմանալի կլինի, թե ինչպես կարող է Երևանում նման բան լինել»:
Հավելենք, որ բլոգեր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նկարը տարածողը ոմն Վարդան Կարապետյանն է, ով ընդհանրապես Հայաստանում չի ապրում և ներկայացրել է լուսանկարի օրիգինալը: