Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` Հայաստան են ժամանել թուրքեր, որոնց նպատակը իբրև թե պատմական հարևանների հետ հարաբերությունների ջերմացումն է: Ավելին, թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հանդիպել է մի շարք հայտնի և անհայտ հայերի հետ, ինչպես նաև եղել է «Անկախ» կայքի խմբագրությունում:
Բոլոր այս հանդիպումների լուսանկարները Հասան Օքթայը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Նկարներից պարզ է դառնում, որ նա Երևանում լուսանկարվել է` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով:
Օքթայը տեղադրելով «Անկախ» կայքի հետ ունեցած հարցազրույցը` գրել է. «Շարունակում ենք տեղ գտել երեւանյան մամուլում», ապա տեղադրել է լուսանկարներ` կայքի աշխատակիցների հետ:
Հարցին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Հասան Օքթայը հյուրընկալվեց «Անկախ» կայքի խմբագրությունում, ինչի՞ մասին են խոսել, կայքի խմբագիր Վարդուհի Իշխանյանը պատասխանեց, որ կապը ստացվել է իրենց թուրքերենի թարգմանչի միջոցով, ով և նրան հրավիրել է խմբագրություն, որովհետև Օքթայը տեղեկացրել է, որ ցանկանում են խոսել տարբեր լրատվամիջոցների հետ, քանի որ թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել.
«Նախ մենք չենք իմացել, որ իրենք «գորշ գայլերն» են: Հիմնականում խոսում էին մամուլի ազատությունից»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Իշխանյանը` միաժամանակ նշելով, որ հայտնել են նաև իրենց կասկածանքները գործակալության` Հայաստանում գրասենյակ բացելու վերաբերյալ, քանի որ բացվում է Եղեռնի 100-ամյակից առաջ և, հետո, կա հասարակական վատ տրամադրվածություն` հատկապես արձանագրությունների չվավերացնելու հետ կապված:
Հարցին, թե ինչպե՞ս արձագանքեցին բարձրաձայնած կասկածներին, Վարդուհի Իշխանյանը նշեց, որ նրանք որևէ պատասխան չեն տվել:
Խմբագրի խոսքով նրանք որևէ այլ տեղեկության չեն տիրապետում, միայն գիտեն, որ տարածք են փնտրում և ցանկանում են հանդիպել Կառավարությանը:
«Բայց, և, կարևորն այն է, որ մեր շնորհիվ հանրությունը տեղեկացավ նրանց` գրասենյակ բացելու վերաբերյալ մտադրությանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ համացանցում հայտնվել են նաև Օքթայի լուսանկարները` ՀՀ վարչապետի և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ:
Անի Կարապետյան