▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆրեսկո». կոտրելով կարծրատիպերը, սերմանելով համամարդկային արժեքներ

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հոգևորը, մարդասիրական արժեքներն ու քրիստոնեական մտածողությունն օրեցօր դուրս են մղվում մեր առօրյայից ու կենցաղից՝ դառնալով վերացական ու ոչ օրգանական: Մեր հանրության մի ստվար զանգվածի համար հոգևորը սկսվում և ավատրվում է լոկ եկեղեցու պատերից ներս:
Եթե ինչ-որ ժամանակ արվեստը միտված էր մարդկանց մղելու դեպի մարդկայինն ու մարդասիրականը, վեհն ու կատարյալը, ապա այսօր  հենց նույն արվեստի միջոցով շատ հաճախ մարդկանց հոգեպես ստրկացնում և ամլացնում են՝ դարձնելով հոգևոր ու համամարդկային արժեքներից զուրկ խամաճիկներ:
 «Ֆրեսկո» (որմնանկարի տեսակ, իտալ. «fresco». բառացի նշանակում է թարմ) անվանումը ստացած կինոփառատոնի նոր ձևաչափը գալիս է փոխելու ստեղծված իրականությունը՝ կոտրելով փառատոնների մասին եղած բոլոր պատկերացումները, թարմություն ու նոր շունչ բերելով հայ հանրությանը:
 Աշխարհի տարբեր անկյուններից բերված ֆիլմերը, որոնք իրենց մեջ պարունակում են մարդասիրական ուղերձ, սերմանում են խաղաղություն ու հանդուրժողականություն, սեր ու առողջ արժեքներ, մի քանի օրերի ընթացքում կդառնան հայ ժողովրդի առօրյայի կարևոր մասնիկը:
«Ֆրեսկոն» նախատեսվում է դառնալ սահմաններից ու սահմանումներից դուրս մի իրադարձություն, որը մի տանիքի տակ կհավաքի համաշխարհային կինոգործիչների, հոգևորականների ու հոգեբանների, ֆիլմերում բարձրաձայնված տարբեր խնդիրներին առնչվող մասնագետների: Կինոդիտումներից անմիջապես հետո կկազմակերպվեն ակտիվ ու անկաշկադ քննարկումներ՝ նպաստելով ֆիլմերում արծարծված առողջ գաղափարների ամրացմանը, բարձրաձայնված խնդիրների լուծմանը:
Մենք կարևոր խնդիր ունենք. այսօր բոլոր փառատոններն ու մշակութային ծրագրերը անցկացվում են գերազանցապես մայրաքաղաք Երևանում. արդյունքում մարզերի բնակչությունը պարզապես կտրված է մնում հոգևոր ու մշակութային զարգացումից: «Ֆրեսկո» կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նախադեպը չունեցող կինոարշավներ հանրապետության տարբեր գեղատեսիլ ու գողտրիկ վայրերում՝ նպաստելով տեղի պատմամշակութային արժեքների  ճանաչմանն ու բնակչության  հոգևոր մտածողության աճին:
Փառատոնը մեծ կարևորություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու սահմանափակ կարողություններով անձանց մասնակցությանը: Այսպիսով, հաշմադամություն ունեցող անձիք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև կընդգրկվեն կազմակերպչական աշխատանքներում:
«Ֆրեսկոն» գալիս է ապացուցելու, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգը շարունակում է քրիստնեական արժեքների կրողն ու տարածողը մնալ, շարունակում էլ լինել մարդասեր ու հյուրընկալ, ստեղծագործ ու բաց՝ կենսարար ու  ճշմարիտ արվեստի առաջ:
«Ֆրեսկոյի» մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի մայիս-հունիս ամսիներին: Փառատոնը կլինի ամենամյա՝ տարեցտարի նպաստելով ստեղծված հոգևոր-մշակութային ճգնաժամի հաղթահարմանը, համամարդկային ու հոգևոր արժեքների տարածմանն ու խորացմանը, ինչպես նաև ազգային ու քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը մեր երկրում:

 

Հեղինակ` Անժելա Պողոսյան

Asekose.am-ը Ֆրեսկո փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին