Պարզվում է, որ Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի վերաբերյալ Արամ MP3-ի կարծիքի հրապարակումը եվրոպական թերթերում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի սրտով է:
Բանը նրանում է, որ Եվրատեսիլի այս տարվա տրանսվեստիտ մասնակիցը` Ջաղինյանի «բլեֆ»-ի ձախողման դեպքում` լինելու է նրա արդարացումը: Եթե նախկինում «բլեֆ»-ը կայանում էր նրանում, որ Արամ MP3-ի անհաջողության դեպքում/ինչն ի սրտե չենք ցանկանում/ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունն ու նրանց աջակցող բլոգերներն ու կայքերն արդարանալու էին, թե այդ մրցույթը «կոնչիտաների» ու նրանց նման անհասկանալի երգերի համար է, այժմ`Կոնչիտայի մասին մեր երգչի կարծիքի հրապարակումից հետո, ափսոսալու են, որ Արամ MP3-ի հումորն` «Աստված ոչ անի` ես նրա հետ նույն բեմին հայտնվեմ», Եվրոպայում սխալ են հասկացել ու ընկալել են իբրև անհանդուրժողականության դրսևորում:
Իսկ բուն «բլեֆ»-ի փուլերը բազմաշերտ են. Եվրատեսիլի համար աշխատող PR խմբերը նախ և ամենից առաջ հայաստանցիների շրջանում ապահովում են երգի մասին բացառապես «հաղթող» կարծիքն, ապա հնարավորին կոշտ հակադարձում են «Not alone»-ի վերաբերյալ թեկուզ փոքր ինչ քննադատություն պարունակող գրառումների ու հոդվածների հեղինակներին, հընթացս հնարավոր ու «անհնար» բոլոր մեթոդներով մեծացնում են եվրատեսիլյան տեսահոլովակի յութուբյան դիտումների քանակը` դա դիտարկելով իբրև հաղթանակի գլխավոր գրավական: Բացի այդ, նույն «բլեֆ»-ի շրջանում, ակտիվորեն տեղեկություններ են տարածվում, որ քանզի եկող տարի նշվելու է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ Եվրատեսիլը, ինչպես ընդունված է համարել, քաղաքականացված մրցույթ է, ապա կազմակերպիչների «սիմպատիան» արդեն Հայաստանի ու Արամ MP3-ի երգի կողմն է, իսկ Ռուբեն Ջաղինյանն էլ, իրեն հատուկ ոճով, արդեն զանգահարում է որոշ պաշտոնյաների ու տեղեկացնում, որ Եվրոպական հեռարձակողների միությունից սկսել են իրենից հետաքրքրվել, թե արդյոք Երևանն ու Մարզահամերգային Համալիրը պատրաստ են հյուրընկալելու Եվրատեսիլ-2015-ին:
Ընթացքում` «ինչ կպնի` կպնի» ... Իսկ վերջում եթե «կպնի»` հրաշալի է, իսկ եթե ոչ`«բլեֆ»-ի սցենարի պահեստային հանգուցալուծում կա ու կա... Եվրատեսիլն, իրոք, անկանխատեսելի մրցույթ է ու «բլեֆ»-ները երբեմն այստեղ անցնում են` ինչպես ասենք` Մաֆիա խաղում, որի սիրահար է Ռուբեն Ջաղինյանը:
Աստված տա, որ Արամ MP3-ն հաղթի ու նրա երգը երեք անգամ հնչի «Եվրատեսիլ-2014»-ում, սակայն հույս ունենանք, որ «բլեֆ»-ները, որի մասին , կասկածում ենք, թե Եվրատեսիլում մեր ներկայացուցիչը գիտի, չեն խանգարի «Not alone»-ին ու Արամին, ում հաղթանակ ենք մաղթում ի սրտե ու ցանկանում, որ որևէ կարծիք, այդ թվում այս մեկը, երբեք չանդրադառնա նրա տրամադրության վրա:
Եվ ամենակարևորը` մենք արդարորեն ու մեծ հաճույքով շարունակելու ենք աջակցել Արամ MP3-ի երգին` վստահեցնելով, որ մենակ չէ ու հաթանակ մաղթելով Հայաստանին «Եվրատեսիլ-2014»-ում... ու նաև` երբեք չենք պատասխանելու այս հրապարակումից հետո մեր դեմ գրող ֆեյքերին ու PR-շիկներին:
Հեղինակ` Մարգո Բաղինյան