Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է սենսացիոն ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես են հայհոյում և ծեծի ենթարկում մի քաղաքացու: Ըստ ՄԻՊ-ի` քաղաքացուն ծեծի ենթարկողները ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ են:
Այս կապակցությամբ Աարդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում: Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ»: