▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաշխարհային համբավ վայելող իտալացի գեղանկարիչ Բրունո Բրունիի ցուցահանդեսը` Երևանում

Հայ արվեստասեր հասարակությունը ապրիլի 25-ից հունիսի 2-ը եզակի հնարավորություն կունենա ծանոթանալ իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝  համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունիի աշխատանքներին: Ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանի Ազգային պատկերասրահում:

 1959 թվականից  ի վեր՝ Բրունո Բրունին անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Քյոլնում, Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Տոկիոյում... նրա գեղանկարները, քանդակներն  այսօր ներկայացված են Եվրոպական ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր թանգարաններում և անհատական հավաքածուներում: Ուստի արվեստագետի ներկայությունը Հայաստանում  նոր շունչ կհաղորդի հայաստանյան մշակութային կյանքին:

Ցուցադրությունը «Անտիկյան» ցուցասրահի և «Ռենկո Արմէստեյտ» ընկերության շարունակական համագործակցության շրջանակներում է`  ևս մեկ կարևոր քայլ հայ-իտալական մշակութային երկխոսության մեջ:

Աշխարհի շուրջ 10 երկրներում մասնաճյուղեր ունեցող «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն հայտնի է տարբեր նախագծերով: Ամենատարբեր ոլորտներում գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ՝ «Ռենկո Արմէստեյտ»-ն իր միջոցներն ուղղում է նաև մշակույթին՝ ներդրումներ կատարելով նաև այս ոլորտում և նպաստելով մշակույթի միջազգայնացմանը:

« «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն բավական երկար ժամանակ է՝ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ 1998-1999 թվականներից սկսած: Սկզբնական շրջանում աստիճանաբար սկսեցինք ինտեգրվել Հայաստանին, գործունեություն ծավալել մի շարք ոլորտներում` այդ թվում և մշակույթի ոլորտում: Սա մեր առաջին նախաձեռնությունը չէ: Մենք Իտալիայում ևս հայ հեղինակների աշխատանքների ցուցադրություններ ենք կազմակերպել: Այժմ էլ կազմակերպում ենք նշանավոր իտալացի գեղանկարիչ, քանդակագործ Բրունո Բրունիի ցուցահանդեսը Հայաստանում: Նա հենց այն պրովինցիայից է, որտեղ հիմնադրվել է  մեր ընկերությունը: Հայտնի քանդակագործներ և նկարիչներ ունենք, և մեզ համար  մեծ պատիվ է նրանց ներկայացնել նաև Հայաստանում՝ Արմինե Անտիկյանի օգնությամբ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի ղեկավար Ասլան Դիշեկովը:

Համագործակցության մեկնարկը 2012-ին էր, երբ Իտալիայի Պեզարո քաղաքի Պերկերիա թանգարանում մեկ ամիս ցուցադրվեց  «Դրախտը որոնելիս» խորագրով հայկական ցուցահանդեսը։ 

«Մեր համագործակցությունը  «Ռենկո Արմէստեյտ»-ի հետ  սկսվել է  2 տարի առաջ: Ընկերությունը 5 հայ արվեստագետների հրավիրեց Պեզարո քաղաք, որտեղ լավագույն  թանգարանում  ներկայացվեցին նրանց աշխատանքները: Այս համագործակցությունը շատ պտղաբեր էր: Չափազանց կարևոր է, որ բիզնես ոլորտը ուշադրություն է դարձնում և հոգածություն է ցուցաբերում մշակույթի հանդեպ: Իմ կարծիքով՝ ժողովուրդների միջև ամենաուժեղ ու ամուր կապը հենց մշակութային կապն է»,-մեզ հետ զրույցում նշեց «Անտիկյան» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանը, ապա հավելեց.

« Կարծում եմ հայ և իտալացի ժողովուրդները շատ ընդհանուր գծեր ունեն: Երկուսն էլ համաշխարհային մշակույթի ամենաուժեղ կրողներից են՝ իրենց  ավանդույթներով, և այս փոխադարձ մշակութային կապը ևս մեկ անգամ կապացուցի աշխարհին, որ մենք երկուսս էլ արվեստապաշտ ժողովուրդ ենք»:

Պեզարո քաղաքում ներկայացվել են արվեստագետներ Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Թենի Վարդանյանի, Սամվել Սաղաթելյանի, Սարգիս Համալբաշյանի աշխատանքները: Հայակական ժամանակակից արվեստը ջերմությամբ է ընդունվել Իտալիայում, և Բրունո Բրունիի ցուցահանդեսի կազմակերպումն այսպես ասած` պատասխան քայլն է:

Հայ-իտալական մշակութային համագործակցությունը կարևորում են թե հայկական, թե իտալական կողմերը.

Ասլան Դիշեկովի խոսքով՝

«Մենք միջազգային  կազմակերպություն ենք, որը մասնաճյուղեր ունի աշխարհի ավելի քան տասը երկրներում: Դրանք  զարգացող ու զարգացման հեռանկարներ ունեցող  երկրներ են:  Հայաստանում մեր ամենակարևոր մասնաճյուղերից մեկն է: Մենք այստեղ բավական մեծ թիվ ենք կազմում: Բացի բիզնես ոլորտից,  փորձում ենք նաև  նպաստել մշակույթի, արվեստի տարածմանը, միջազգային մշակութային  համագործակցություններին: Մենք  կոնկրետ հետաքրքրություններ չունենք, բացի նպաստելը, որ հայ-իտալական համագործակցությունը` թե մշակութային, թե այլ ոլորտներում ավելի ամրապնդվի ու զարգանա»:

Բրունո Բրունիի ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Բացի ցուցահանդեսից կազմակերպվելու  է նաև մաստեր կլաս, ինչն Արմինե Անտիկյանի գնահատմամբ` չափազանց կարևոր է հայ արվեստագետների համար:

«Շատ կարևոր ու օգտակար է փորձը երիտասարդ քանդակագործների և նկարիչների համար: Ես որպես ցուցասրահի ղեկավար, կարծում եմ, որ մեր այսօրվա սերունդը շատ բան ունի սովորելու: Գուցե համացանցի ներգործությունն է պատճառը, շատերին  թվում է՝ արդեն կայացած ու լուրջ արվեստագետնրե են, բայց աշխարհում կատարվող փոփոխությունների հետ   առաջին հերթին հենց փորձի փոխանակման միջոցով են ծանոթանում »:

Ինչ վերաբերում է հայ-իտալական հետագա համագործակցությանը, Արմինե Անտիկյանի խոսքով`

«Կրկին «Ռենկո Արմէստեյտ»-ի հետ համագործակցությամբ  արվեստագետների  փոխանակման ծրագիրը կշարունակվի: Իմ ցուցասրահը համագործակցում է Իտալիայի հետ: Կան իհարկե ծրագրեր ՌԴ-ի և ԱՄԷ-ի հետ, սակայն ավելի շատ կարևորում եմ այս համագործակցությունը. Ըստ իս`  իտալական մշակույթը «սնունդի» ամենալավ աղբյուրն է: Կարծում եմ՝ ցանկացած արվեստագետի համար իտալական արվեստը միակ սերն է: Մշակույթն այսօր ամենաբարձիթողի դաշտն է: Ոչ ոք այս ոլորտում ներդրում չի կատարում, չափազանց կարևոր է, որ  կա մի կազմակերպություն, որն իր հոգածության տակ է վերցրել մշակույթը:Անգամ Երևան հյուրանցում ներկայացված են Հայ ժամանակակակից արվեստի նմուշներ,  այսինքն` նույնիսկ այսկերպ մեր արվեստը պրոպագանդվում է»:

Ասլան  Դիշեկովը կարևորում է նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանության դերը՝ հատկապես կազմակերպչական հարցերում: Նրա խոսքով՝  դեսպանատան աշխատակիցները ոչ միայն իրենց դիվանագիտական առաքելությունն են  իրականացնում, այլև մշակութային-երաժշտական միջոցառումներ են կազմակերպում:

Ցուցահանդեսի փակումը  հունիսի 2-ին է, որը նաև Իտալիայի հանրապետության օրն է:

Նշանավոր իտալացի գեղանկարիչ, քանդակագործ Բրունո Բրունին  ծնվել է 1935թ նոյեմբերի 22-ին՝ հ. 134  երկաթուղային տնակում, որը գտնվում է Պեզարոյի և Կատոլիկայի միջև։ 

1952-1959 թվականներին  կրթություն է ստացել  Պեզարո քաղաքի  Ֆ. Մենգարոնիի անվան Արվեստի ինստիտուտում:  

1961-1966 թվականներին  մասնակցել է դասընթացների Համբուրգի արվեստի բարձրագույն դպրոցում, որտեղ նրան դասավանդել են հայտնի  նկարիչներ:

Պարգևատրվել է «Ugolini» մրցանակով:

1959թ. տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը Պեզարո  քաղաքի Ռոսսինի սրահում։

1960-ականներին արժանացել է «Lichtwark» մրցանակին՝ Օտտո  Դիքսի և Էդգար Ագուստինի հետ համատեղ:

1977 թվականին արժանացել է «Senefelder» միջազգային մրցանակի:

 2002-ից   «Իտալիայի հանրապետության ասպետ» տիտղոսակիր է:

«Բրունո  Բրունին համաշխարհային համբավ ունեցող արվեստագետ է: Նրա աշխատանքներն ընդգրկված են լավագույն թանգարաններում ու հավաքածուներում: Փայլուն գրաֆիկ է, գեղանկարիչ և  քանդակագործ: Շատերը նրան համարում են ռեալիզմի կրող, բայց շատ էքսպերիմենտներ սիրող արվեստագետ է, սյուռեալիզմի հետ է խաղում, բայց սնվում է դասական իտալական արվեստից: Շատ հետաքրքիր է նրա թեմատիկան: Ապրելով երկու երկրների`  Գերմանիայի և Իտալիայի միջև` երկու մշակույթները կրում է իր մեջ: Եվ անընդհատ այդ կապը նշմարվում է նրա արվեստում: Շատ նրբագեղ  քանդակներ ունի,  գրաֆիկական աշխատանքները, գեղանկարները: Հուսով եմ` հայ արվեստասերի համար  սա շատ կարևոր ցուցահանդես կլինի»,-մեզ հետ զրույցում նշեց «Անտիկյան» ցուցասրահի տնօրեն Արմինե Անտիկյանը: 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Ստորև ներկայացված են Բրունո Բրունիի երևանյան ցուցահանդեսի առիթով տպագրված գրքույկից մի քանի լուսանկարներ:

72157643857642333

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին