Կյանքի 86-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը:
Դեռ ամիսներ առաջ բժիշկները Օրբելյանի հարազատներին տեղեկացրել էին, որ անբուժելի հիվանդության պատճառով նրան մի քանի ամսվա կյանք է մնացել, սակայն մինչև կյանքի վերջին օրը կոմպոզիտորը տեղյակ չէր այդ մասին ու շարունակում էր ստեղծագործել ու օրվա մեծ մասն անցկացնել դաշնամուրի մոտ:
Կոնտսանտին Օրբելյանը ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:
Կոնստանտին Օրբելյանը 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն:
1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:
1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում:
2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: