Armtimes.com-ը գրում է, որ երեկ գիշեր ավերվել է մեր մայրաքաղաքի ևս մի պատմամշակութային հուշարձան: Խոսքը Ճոպանուղու հարևանությամբ գտնվող, նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի մասին է, որը անցած տարվա օգոստոսին անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր ՀԱՊԿ ակադեմիային:
Ընդամենն օրեր առաջ շենքն ուներ այն տեսքը, որը պատկերված է ձախ լուսանկարում: ՀԱՊԿ-ի ակադեմիային տրամադրվելուց հետո շենքն իբր վերանորոգվում էր: Աջ լուսանկարում այդ նույն շենքի, ավելի ճիշտ` այն վայրի լուսանկարն է, որտեղ ընդամենը նախորդ օրը կանգնած էր շենքի ֆասադը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այդ շենքի հետ կատարվել է նույնը, ինչ ժամանակին կատարվեց Փակ շուկայի կամարների հետ: Կամարները քանդեցին, ու լկտիաբար հայտարարեցին, թե դրանք իրենք իրենց են փլվել: Երեկ, երբ մեր թղթակիցը այցելել է դեպքի վայր, տեղում աշխատող բանվորները պատմել են, թե իբր շենքն ինքն իրեն է փլվել: Բայց եթե Փակ շուկայի կամարների «ինքն իրեն փլվելու» գործը ղեկավարում էր հայտնի Լֆիկ Սամոն, ապա այստեղ ղեկավարը ԱԽ այլեւս նախկին քարտուղար, մի քանի օր առաջ կրկին «ընդդիմադիր» դարձած Արթուր Բաղդասարյանն է:
Վերջինս ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից այս ակադեմիայի նախագահի պաշտոնը ստանձնելու հավանություն է ստացել: Իսկ դա նշանակում է, որ շենքը տնօրինում է հենց նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Այն, որ այդ շենքը ինքն իրեն չէր կարող փլվել, կպնդի շինարարությունից գոնե մի քիչ հասկացող ցանկացած անձ: Բայց կա նաեւ լրացուցիչ ապացույց, որ շենքը դիտավորյալ է քանդվել: Խնդիրն այն է, որ իբր վերանորոգվող այդ շենքի զբաղեցրած տարածքը մի քանի օր առաջ պատվել է հսկայական չափի պաստառներով «Պահպանելով հինը, կառուցենք նորը» եւ «Ավելի բարեկարգ Երեւան» գրառումներով: Ու այդ պաստառապատումից հետո ավելի քան մեկ մետր հաստություն ունեցող պատերը հանկարծ իրենք իրենց քանդվել են: Երեւի գիշերով մի թիթեռ է ուժեղ հարվածել շենքին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում