Երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը գյումրեցի հայտնի Ձիթողցյանների գերդաստանի շառավիղներից է: Դեռ 5 տարեկանում Տիգրանը սկսել է նկարել յուղաներկով, տասը տարեկանում արդեն նրա անհատական ցուցահանդեսն էր Երևանում: 12 տարեկանում էլ հայ հրաշամանուկն անհատական ցուցահանդեսով հյուրընկալվել է Մոսկվայում ու Պետերբուրգում: Այսօր արդեն մեր հայրենակիցն ապրում ու ստեղծագործում է Նյու-Յորքում:
Asekose.am-ի հետ զրույցում Տիգրանը նշում է, որ արվեստում միշտ փորձում է ժամանակին համընթաց քայլել:
«Հիմա ֆեյսբուքի դար է: Մարդիկ սոցիալական կայքերում շատ բաց ու թափանցիկ են դարձել: Հենց սա տեսնելով` ես ստեղծեցի «Հայելի» դիմանկարների շարքը, որում ակցենտը հենց այդ թափանցիկությունն է. այն արտահայտվում է ձեռքերի և աչքերի միջոցով: Ցանկություն կար ներկայացնելու տարբեր ազգերի ներկայացուցիչների և հենց այդպես էլ ստացվեց»,-ընդգծում է Տիգրանը:
Այս շարքում կա տատիկի մի դիմանկար, որն այս տարի ապրիլի 24-ին`Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, նկարիչը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում. Տիգրանը նշում է, որ ցանկություն կա հենց Ցեղասպանությանը նվիրված նկարներով հանդես գալ:
«Ուզում ենք այլ հայ անվանի արվեստագետների հետ մեկտեղ հետաքրքիր նախաձեռնություններ անել հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Հնարավոր է Տիգրան Համասյանի երաժշտությունը համադրվի իմ նկարներով, այլ բազմաթիվ պլաններ էլ կան, որոնց մասին` ավելի ուշ»,-ասում է նկարիչը:
Տիգրան Ձիթողցյանի հետ զրույցի ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:
Տաղանդավոր արվեստագետի մասին այլ մանրամասներ` Տիգրան Ձիթողցյանի ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում: