4 ժողովածուների հեղինակ, բանաստեղծ Դավիթ Ասատրյանը կարծում է, որ գրչով սեփական ապրուստ հոգալը անհնար է ներկայիս պայմաններում:
«Եթե չես գրում էրոտիկ թեմաներով կամ գողականների մասին, ուրեմն` դժվար թե գրելով կարողանաս սեփական ապրուստդ հոգալ ու գումար վաստակել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշում է բանաստեղծն ու ավելացնում, որ այնուամենայնիվ այսօր հայ իրականության մեջ ստեղծվում է պոեզիա և լավ գործեր են ստեղծվում:
Հայ մարդուց ու հայ տեսակից ոգեշնչվող և տեքստային հայրենասիրությունը չընդունող բանաստեղծին այսօր ամենաշատն անհանգստացնում է կեղծ ազատությունը:
«Ազատություն և սեր քարոզողների խոսքերում այնքան ագրեսիա կա, որ ապշեցնում է: Ստիպում են, որ դու ազատ լինես, բռնանում են քո վրա, որ դու չընդունես բռնությունը. սա անտանելի է»,-ընդգծում է Դավիթը:
Բանաստեղծի կարծիքով` մեզանում առկա բազում խնդիրները կարող են լուծվել բացառապես յուրաքանչյուրիս վերափոխման և պայքարի արդյունքում. «Ինձ հետաքրքիր չի, թե ով է իմ երկրի նախագահը` Պողոսը, թե Պետրոսը, ինձ ավելի շատ հետաքրքրում է նրա արած քայլերին ժողովրդի վերաբերմունքը: Իսկ ժողովուրդը պետք է ստիպի ղեկավարին աշխատել»,-հավելում է նա:
Դավիթ Ասատրյանի հետ հարցազրույցի հեռուստատեսային ամբողջական տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում: