▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդեկորույս մոր բաց նամակը Սեյրան Օհանյանին

Պաշտպանության նախարար պրն. Ս. Օհանյանին

մահացած զինվոր Ներսես Կարապետյանի մայր Ս. Հարոյանից

Մեծարգո նախարար

Ձեզ է դիմում Իջևանի զորամասերից մեկում ժամկետային զին ծառայող, 19-ամյա վաղամեռիկ Ներսես Ղազարի Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Հարոյանը: Չգիտեմ սա դիմում է, խնդրանք, թե զրույց իմ անմեղ, աղբյուրի ջրի պես զուլալ որդու մասին: Կարծում եմ ավելորդ է նշել, թե ինչ ցավ, տառապանք ու վիշտ պատճառեց ինձ, իմ ընտանիքին, գերդաստանին, ինչու չէ, նաև Ձեզ ու ողջ ժողովրդին անմեղ որդուս մահը: Ինչպես սպասելի էր, մահվան առաջին օրից սկսած շրջանառության մեջ նետվեցին մի քանի հավանական ու անհավանական վարկածներ՝ ինքնասպանություն, պատահականություն, կանխամտածված սպանություն: Առաջին վարկած. Ինքնասպանությունը ժխտում ենք բոլորս՝ իմ գերդաստանը, որդուս ընկերները, հարևանները, ուսուցիչները և բժիշկները: Որդիս մեծացել է բազմազավակ ընտանիքում, ընտանիքի 9 երեխաներից 5-րդն էր: Մեզ հետ են ապրել մեր պապիկ տատիկները: Այսպիսի բազմանդամ ընտանիքում թուլամորթ ու եսասեր մարդ չէր կարող մեծանալ: Որդիս, ինչպես նաև նրանից մեծ երկու եղբայրները հայոց բանակ էր գնացել սիրով, հավատով ու արյան կանչով, նրա երկկողմանի գեները սկիզբ են առել Սասուն աշխարհից: Իմ գերդաստանի ոչ մի արու զավակ չի խուսափել հայրենիքին ծառայելուց: Իմ Ներսեսը դեռ 12-13 տարեկանից սեփական ծիրանանոց էր հիմնել Թալինի շրջանի Աշնակ գյուղում, ամեն շաբաթ սիրով էր խնամում ու ջրում այգին, ծրագրել էր զորացրվելուց հետո սեփական տուն կառուցել Աշնակում, Սասնո ամուր տուն: Ներսեսս շատ լավատես ու ապագայի նկատմամբ հավատով լեցուն երիտասարդ էր: Երկրորդ վարկած. Պատահականությունը, չզարմանաք, ժխտեցիք Դուք: Դեպքի օրը, թող ների ինձ իմ Ներսեսը, այդ ծով վշտի մեջ ես ինձ մի տեսակ մխիթարված ու ապահով զգացի, երբ բոլոր լրատվամիջոցները հայտարարեցին, որ նախարարն անձամբ Իջևան է մեկնել ու գործի քննությունը վերցրել իր հսկողության տակ: Օրերն անցնում են, բայց ոչ մի հայտարարություն, ոչ մի բացատրություն: Կարծում եմ, պարոն նախարար, Ձեր լռությունը ժխտում է պատահականության վարկածը:

Պարոն նախարար, ես որդեկորույս մայր եմ ու ինձ թույլ եմ տալիս խախտելով էթիկայի կանոնները, Ձեզ հիշեցնել, որ բանակը ամուր և հաստատուն է Ներսեսներով ու որ ոչ մի ճառասացի որդի չի ծառայում բանակում: Բանակի յուրաքանչյուր զինվոր Ձեր որդին է ու Դուք պարտավոր եք դողալ յուրաքանչյուրի կյանքի համար: Զավակս չկա, վիշտս անափ է, թող ես վերջին սգացող զինվորի մայրը լինեմ:

Խնդրում եմ, պարոն նախարար, իմ հպարտ ընտանիքը թող սգա միայն Ներսեսի մահը, թող չունենա անզորության ու անպաշտպան լինելու զգացողություն: Ես ամեն օր կաղոթեմ, որ Աստված հաստատուն պահի մեր բանակը: Արդարությունն ու ճշմարտությունը երես թեքեցին իմ զավակից, դրանք նրան այլևս պետք չեն, բայց մեզ՝ ապրողներիս շատ են հարկավոր:

Պարոն նախարար, որպես արդարության և ազատության ժահակիր, բացահայտեք ճշմարտությունը, վերականգնեք իմ բազմանդամ ընտանիքի հավատը այս երկրի ու բանակի նկատմամբ:

Մենք Ձեզ հավատում ենք և հույսով սպասում:

Սուսաննա Հարոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին