Fnews.am-ը գրում է, որ հունիսի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած կրակոցների հետ կապված խոսակցությունների հիմնական շեշտադրումը դրվում է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վաղեմի թշնամության վրա:
Թե նրանցից ո՞վ որ շրջապատում է առավել «թափով» էջմիածնում դժվար է ասել, սակայն մի բան հստակ է՝ հակամարտությունն այն աստիճան է սրվել, որ երկու հզոր խաղացողները սկսել են վնասներ կրել մերձավորների մակարդակով: Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին (ով ըստ խոսակցությունների ժամանակին փախել է Հայաստանից գեներալի պատճառով), դուր չի եկել այն հանգամանքը, որ Էջմիածնի քաղաքապետի որդին՝ մարզպետ դառնալու հեռանկար ունի, եւ որ գեներալն Էջմիածնում առաջնորդվում է «էս սարն իմն է, էն քարն իմն է» կարգախոսով:
Ճշտելու համար, թե ո՞րն է վիճաբանության հիմնական պատճառը եւ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, Fnews.am-ը զրուցել է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ.
-Պարոն Գրիգորյան կասե՞ք, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել հունիսի 18-ի գիշերը` Էջմիածնում:
-Որ պարզես, ինձ էլ կասես, աղջիկ ջան, ես էլ չգիտեմ:
-Դուք տեղյա՞կ չեք:
-Տեղյակ եմ, բայց չգիտեմ ինչը ոնց ա եղել, դրանով օրգաններն են զբաղվում, որ պրծնեն կիմանաք:
-Բայց չէ՞ որ Ձեր մերձավորների հետ է կապված այդ դեպքը:
-Մեր մերձավորը… դու էլ ես իմ մերձավորը, քեզնից լավ մերձավոր չունեմ, լյուբոյ հայն էլ ինձ համար լավ մերձավոր ա: Օրինակ՝ համարում եմ, որ դու լավ էլ իմ մերձավորներից մեկն ես: Խնդրում եմ, եթե նորություն ունենաք ինձ էլ ասեք, կլինի՞:
-Ճի՞շտ է, որ Դոն Պիպոյի շրջապատի հետ է խնդիրը կապված:
-Ո՞վ ա էտ Դոն Պիպոն:
-Չե՞ք ճանաչում:
-Չէ:-Ասում են քրեական հեղինակություն է:
-Ես «Երկրապահի» նախագահն եմ, աղջիկ ջան, ամոթ ա, գեներալ մարդ եմ, ինձանից լավ հեղինակությու՞ն, թող իրանք ինձնով զբաղվեն… նմանատիպ մարդիկ: Թող իրանք ինձ ճանաչեն: Դոն Պիպո են, Գոն են, Դոն են, Վարդան են….ինձի հետաքրքի՞ր են սրանք…
-Իսկ ովքե՞ր են Ձեզ հետաքրքիր:
-Հայ մարդը, ով Դոն չի, ով հայ ա:
-Ուզում եք ասել նոր տիրակալներ չե՞ն ավելացել Էջմիածնում:
-Ոչ, աղջիկ ջան, քո արեւ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում