▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզրաս Սրբազան, մի՛ զլացեք Ձեր օրհնությունը բաշխել հավատացյալ ժողովրդին

Մենք մեր խոսքն ենք ուղղում Ամենայն հայոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին, վարդապետներին, սարկավագներին և համայն հայ ժողովրդին։ Արդեն մի քանի ամիս է, որ հայ հավատացյալ ժողովուրդը աշխարհի բոլոր կողմերից իր բողոքի ձայնն է բարձրացնում Հայ Առաքելական եկեղեցում կատարվող ապօրինի և քմահաճ կարգազրկությունների դեմ։ Իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ այն հալածանքների, որոնց ենթարկվում են ազնվագույն հոգևորականները, ովքեր իրենց կյանքն են նվիրել Սուրբ Ավետարանի քարոզչությանը և մարդկային հոգիների փրկությանը, ինչին կոչված են։ Ուշի ուշով հետևում ենք համացանցում զետեղված բոլոր նյութերին, և մեզ ապշեցնում են մեր եկեղեցու հոգևոր դասի դատապարտելի անտարբերությունն ու լռությունը։

Մեր խոսքն ենք ուղղում այն հոգևորականներին, որոնք պնդում են, թե միայն պետք է աղոթել և ոչ` նաև պայքարել։ Դե ուրեմն, հավաքեցե՛ք ժողովրդին, քարոզեցե՛ք, կրթեցե՛ք և բացատրեցե՛ք եկեղեցում տիրող անմխիթար վիճակի մասին, ողբացե՛ք, կո՛ւրծք ծեծեցեք, ազգովի ապաշխարության մե՛ջ մտեք` փրկելու մեր եկեղեցին ու ազգը վերահաս պատուհասից: Չէ՞ որ դա ձեզ է վստահված, ինչպես Հովնան մարգարեի քարոզությամբ Նինվե քաղաքի բնակիչները թագավորից մինչև ստորադաս ապաշխարեցին, ծոմապահությամբ քուրձ ու մոխիր հագան, որն էլ եղավ Նինվե քաղաքի փրկությունը։

Մեզ հուզող հարցերի հետ կապ չունեցող ելույթներ եք ունենում, պատվարժա՛ն եպիսկոպոսներ, հանիրավի մեղադրում եք անարդար կերպով կարգազուրկ եղած հոգևորականներին ու նրանց հետևող ժողովրդի հսկա բանակին, ովքեր իրենց եկեղեցական իրավունքներն են ուզում պաշտպանել։ Հարցնում ենք ձեզ, թե ինչպե՛ս կարելի է սխալի կողքով անհոգաբար անցնել։ Սա ի՞նչ եսակենտրոնություն է: Արդյոք բարձրաստիճան եկեղեցականների պիղատոսյան լռությունը, արհամարհական վերաբերմունքը, ոչ քրիստոնեական կեցվածքը չե՞ն հիմնական պատճառը, որ օր օրի բազմանում են աղանդավորական խմբակները ինչպես հայրենիքում, այնպես էլ հայկական գաղթօջախներում:

Քրիստոնյան պետք է միշտ և ամենուր ճշմարտության ջատագովը լինի: Հակառակ դեպքում, ինչպե՞ս ժողովուրդը ձեր օրինակով կարող է տարբերել լույսը խավարից։ Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանց Եպիսկոպոսական ժողովի մասնակցության ու հավանության, առանց հոգևորականների ծառայության ու վարքի մանրակրկիտ և անաչառ քննության, մի գրչի հարվածով բռնի կերպով կարգազուրկ է անում ազնիվ քահանաներին, նրանց խլում իրենց վստահող հավատացյալ հոտից, մի՞թե դա քրիստոնեական կամ, առնվազն, մարդկային է :

Մեր խոսքն ենք ուղղում Եզրաս Սրբազանին: Սրբազա՛ն Հայր, Դուք այսքա՜ն ցավ ու տառապանք պատճառեցիք մեզ` կարգազուրկ անելով մեր սիրելի Տեր Մարտիրոսին, ով այժմ էլ մեր քահանան է, որի մեռոնով օծումը ո՛չ Դուք, ո՛չ Վեհափառ Հայրապետը, ո՛չ էլ որևէ այլ ոք չի կարող ջնջել։ Հավատացյալները մոտենում են Ձեզանից օրհնություն խնդրելու, իսկ Դուք զլանում եք նույնիսկ օրհնել Ձեզ մոտեցող մարդկանց: Մի՞թե դա հարիր է քրիստոնյա հոգևորականին` շարունակելով քինախնդրությամբ վարվել հավատացյալ ժողովրդի հետ։

Մենք մեր ամենօրյա աղոթքներում հիշատակում ենք ինչպես Ձեզ, այնպես էլ Հայոց Հայրապետին` աղոթելով ձեր ապաշխարության ու հոգիների փրկության համար։ Խնդրում ենք Ձեզ, Սրբազա՛ն հայր, մի՛ զլացեք Ձեր օրհնությունը բաշխել հավատացյալ ժողովրդին, ինչին որ կոչված եք։ Կարդում ենք սուրբ հայրապետների վարքերը, և արցունքները խեղդում են մեզ: Խոնարհվում ենք նրանց սուրբ մասունքների առաջ` խնդրելով նրանց բարեխոսությունը մեր եկեղեցու պայծառության ու մեր ազգի փրկության համար։

Վեհափա՛ռ Տեր, խնդրում ենք, կա՛նգ առեք, աղաչում ենք, թո՛ւյլ տվեք, որպեսզի նվիրյալ ու սիրված հոգևորականները կրկին շարունակեն ծառայել ժողովրդին։ Խնդրում ենք, մի՛ արգելեք, որպեսզի Հայաստանում իրական վանքեր բացվեն, այլ օրհնեցե՛ք և քաջալերեցե՛ք այն հոգևորականներին, որոնք հոգևոր անխարդախ կաթով կրթում և դաստիարակում են հայորդիներին, պատրաստում երիտասարդ վանականներ. չէ՞ որ նրանց սուրբ աղոթքներով մեր Սուրբ Եկեղեցին պիտի պայծառանա` դուրս գալով այս հոգևոր ճգնաժամից։

Վեհափա՛ռ Տեր, արտոնեցե՛ք, որ այդ երիտասարդ վանականներից Աստված կենդանի սուրբեր պարգևի մեր ազգին, որոնք պիտի առաջնորդեն մեր ժողովրդին դեպի Երկնային Արքայութուն։ Եթե նրանց թույլ չտաք դա անել, այդ բացը աղանդավորները պիտի լրացնեն` այս անգամ մարդկանց առաջնորդելով դեպի հավիտենական կործանում: Այդ դեպքում, ի՞նչ եք պատասխան տալու Աստծուն ահեղ դատաստանի օրը:

Մենք` Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ ժողովուրդս, շատ կուզենայինք Ձեր մեջ տեսնել Սբ. Գրիգոր Լուսավորչին, Սբ. Արիստակեսին, Սբ. Վրթանեսին, Սբ. Ներսես Մեծին և մնացած սուրբ ու աստվածավախ հայրապետներին, որոնք եղան Հայ Առաքելական Եկեղեցու սյուներն ու ջահակիրները։

 

 

 

Մոսկվայից մի խումբ հավատացյալներ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին