Արդեն տեղեկացրել ենք, որ 1 տարուց ավել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր:
Երեկ Հակոբը կապ է հաստատել հարազատների հետ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ եղբոր հետ զրուցել են տարբեր թեմաներով: Հակոբը հայտնել է, որ առողջական խնդիր չունի, այս պահին գտնվում է փախստականների ճամբարում և ամեն ինչ լավ է:
Իսկ թե վերջնական որ երկրում է նա բնակվելու, դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք՝ Հակոբ Ինջիղուլյանը 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:
Պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ հայրենիք վերադառնալու դեպքում Հակոբ Ինջիղուլյանը պատասխանատվության չի ենթարկվի: