▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի ոտքը կտրել են. նա դիմում է մարդկանց. hetq.am

Տեսանյութի հեղինակ` Անի Հովհաննիսյան

Հեղինակ` Զարուհի Մեջլումյան 

hetq.am-ը գրում է. Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանին հանդիպեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա քիմիոթերապիայի կուրս է անցնում այստեղ: Վատ էր զգում, բայց ասաց, որ ասելիք ունի կառավարությանը, մարդկանց:

«Ես մեծ ուրախությամբ եմ գնացել ծառայելու: Մտածել եմ, որ իմ քույրը, իմ եղբայրը, ընդհանրապես իմ հարազատները հանգիստ քնեն, բայց էս իրավիճակում, որ ես հայտնվել եմ… գուցե լիարժեք չհասկանաք, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը»,- ասաց Մայիս Գեղամյանը`ցույց տալով կտրված աջ ոտքը,- «սենց, որ դուրս եմ գալիս մարդամեջ, թարս հայացքներ և այլն»:

Մայիսը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական:

«100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Տարան բուժկետ, բայց ասացին, որ եթե այդպես գրանցեն, իրենց վրա ահագին խոսակցություն կգա: Ես էլ 4 օրվա ծառայող էի: Մտածելով, որ իրենց վրա խոսակցություն չգա` ասացի, մի գրեք, բայց ոտքս նայեք: Նույնիսկ վերքս չնայեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայիս Գեղամյանը:

Մայիսի վերքը լավացել է ու նա շարունակել է ծառայությունը: 15 օր անց նրան տեղափոխել են Ֆիզուլի, որտեղ որովայնի ցավեր է ունեցել: Մի քանի օր հետո հետազոտել են Մարտունու զինվորական հոսպիտալում, ու վիրահատել են կույրաղիքը:

«Բժիշկն ասում էր` վեր կաց, քայլի, բայց ծունկս ցավում էր, արդեն այտուցված էր: Ասացի` նայեք ոտքս, բժիշկ: Նա պատասխանեց, որ ռենտգենոլոգը տեղում չէ: Փոխարենը ֆուրացիլինի թրջոցներ դրեցին ծնկիս»,-պատմում էր Մայիսը:

Ծնկի շրջանում Մայիսի ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ  հետազոտություն նա չի անցել: Նույն վիճակում նրան ուղարկել են տուն` մայրական խնամքի: Մայրը` Գայանեն, նկատելով, որ որդին կաղալով է քայլում, Մայիսին տարել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:

«Բժշկին ասացի` ոտքս ցավում է: Մորս ասաց` ձեր տղային ասեք, որ տենց չի լինի»,- հիշեց Մայիսը` նշելով, որ բժշկին թվացել է, թե ինքը չի ցանկանում ծառայության վերադառնալ ու պատճառ է բերում ոտքի ցավը:

Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստրիոգեն սարկոմա): Մայիսը ստացել է քիմիոթերապիայի մեկ կուրս, ապա կրկնակի ախտորոշում է անցել Կանայան բժշկական կենտրոնում, որտեղ հերքվել է սարկոմայի ախտորոշումը, փոխարենն ասել են, որ նրա մոտ ոսկրի սովորական գերաճ է (օստիոմա): Այս ախտորոշումից հետո Գեղամյանների ընտանիքը հրաժարվել է քիմիոթերապիայի կուրսերից:

Սակայն այս տարվա մայիսից տղայի ոտքն էլ ավելի է այտուցվել: Կատարվել է MRT հետազոտություն ու հաստատվել առաջին ախտորոշումը`օտրեոգեն սարկոմա։

Գեղամյան ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն` արտասահմանում բուժում ստանալու խնդրանքով: Նշենք, որ Մայիս Գեղամյան զինվորը համարվում է ՊՆ-ի երկրորդ կարգի հաշմանդամ, քանի որ հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Սակայն ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրում բուժման կազմակերպման կարգ չունեն: Մերժում ստանալուց հետո ընտանիքը դիմել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է: Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում` Գերմանիայում կամ Պետերբուրգում:

Չունենալով արտասահմանում բուժումը ստանալու հնարավորություն` Մայիս Գեղամյանը դիմում է մարդկանց, բարերարներին, կազմակերպություններին օգնել իրեն ապրել` շեշտելով, որ հրաշքների հավատում է: Ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ` նախ սովորել ԵՊՀ-ում, լինել լավ մարդ, ընտանիք կազմել:

«Կառավարության վրա հույս չեմ էլ դնում, ով նստած է ազգային ժողովում, կարող է ձեռքի մեկ շարժումով այս հարցը լուծել»,-ասաց Մայիսը:

Հ.Գ. 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն:

Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար

AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին