▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ եկեղեցական կարգ ու կանոնից կարգազանցներն են խոսում

Վերջին շրջանին հաճախացել են այն դեպքերը, երբ նախկին եկեղեցականները, որոնք ներկայիս կարգալույծ են հռչակված, խոսում են եկեղեցական կարգ ու կանոնից` մոռանալով այն մասին, որ այդ նույն կարգ ու կանոնը զանց առնելու արդյունքում են նրանք կարգալույծ արվել: Խոսքը չի վերաբերում այն կարգալույծներին, որոնք եկեղեցական ասպարեզից ինքնակամ են հեռացել, այլ նրանց, որոնք եկեղեցական այդ նույն կարգն ու կանոնը ժամանակին ոտնահարել են և այսօր էլ շարունակում են նույն ընթացքը` զավեշտորեն ճառելով Եկեղեցում կարգ ու կանոնի բացակայության մասին:

Այս առիթով պիտի առաջարկեինք այդ անձերին` նախ անդրադառնալ պատճառներին, որոնց հետևանքով նրանք դուրս են մղվել եկեղեցական ասպարեզից: Պիտի հրավիրեինք նրանց խորամուխ լինելու, թե իրենք որքանով են հետևել եկեղեցական կարգ ու կանոնին: Երբեք և երբեք իրականությանը չի համապատասխանում հաճախ շրջանառվող այն չարչրկված տեսակետը, թե եկեղեցական բարձրագույն իշխանությունը կարգալույծ է անում եկեղեցականներին` ելնելով կամայական և կանխակալ վերաբերմունքից:  Ավելին, եկեղեցական բարձրագույն իշխանության շահերին հակառակ է` կորցնել եկեղեցականին, առավել ևս արժեքավոր մեկին` շատ տրամաբանական և պարզ պատճառներով.

            Յուրաքանչյուր եկեղեցականի պատրաստության համար Եկեղեցուց պահանջվում է երկար ժամանակ և վիթխարի ջանքեր: Եկեղեցու հոգևոր կրթական հաստատություններում ուսում ստանալու և եկեղեցական ձեռնադրության պատրաստվելու համար եկեղեցական աստիճան ստացող թեկնածուն ուսանում է 6 տարի: Քչերին է հայտնի, թե այդ ուսումնառության ընթացքում դասախոսները և եկեղեցականները որքան ճիգ ու ջանք են ներդնում` կերտելու համար ապագա եկեղեցականի նկարագիրը: Եվ եթե սրան գումարենք այն հետուսումնական ժամանակահատվածը` 2-3 տարի, երբ թեկնածուն որոշում է կայացնում կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա ձեռնադրվելու մասին, նաև ի նկատի ունենանք այն շրջանը` ևս 2-3 տարի, երբ ճեմարանավարտ շատ  ուսանողներ իրենց ուսումը շարունակում են արտերկրում, ապա կստացվի, որ մեկ եկեղեցական պատրաստելու համար Եկեղեցին հատկացնում է 8-10 տարի:

Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում, ո՞րն է Եկեղեցու բարձրագույն իշխանության շահը` կորցնելու այսքան ջանքերի գնով ձեռք բերվող եկեղեցականին և վասն ինչի՞….: Նրա համար, որ նա արդյունավոր ծառայությո՞ւն է մատուցում: Եկեղեցու ընդդիմախոսները և կարգալույծները պնդում են, որ ուսյալ, ժողովրդի կողմից սիրված և լավ եկեղեցականներ են եղել: Բնականաբար նրանցից և ոչ մեկը չի խոսում կարգազանցության մասին: Ստացվում է, որ Եկեղեցին, առանց պատճառի, ազատվո՞ւմ է լավ եկեղեցականներից: Այդ դեպքում հարց է առաջանում, արդյոք եկեղեցական ասպարեզում այլ §լավ եկեղեցականներ¦ չկա՞ն և ինչո՞ւ կարգալույծ չեն արվում, թե՞ միայն իրենք էին §լավերը¦: Փառք Աստծո, այսօր մեր Եկեղեցում չեն պակասում ուսյալ և արդյունաշատ ծառայություն բերող եկեղեցականները: Ուրեմն անտրամաբանական և անլուրջ է պնդել այն տեսակետը, որ եկեղեցական բարձրագույն իշխանությունները  ցանկանում են ազատվել §լավ եկեղեցականներից¦:

            Ցանկացած պատրաստված և ուսյալ եկեղեցականի հեռացումով Եկեղեցու առաքելությունը տուժում է: Սակայն համոզված եմ, որ որքան էլ կարգալուծությունների պատճառով մեղադրանքներ են հնչում եկեղեցական բարձրագույն իշխանությունների հասցեին, այնուամենայնիվ, դրանք առոչինչ են այն հարձակումների դիմաց, որոնք կլինեն հետագայում, եթե կարգազանց եկեղեցականը շարունակի մնալ եկեղեցական ասպարեզում: Չափազանց պարզ է, որ եկեղեցական բարձրագույն իշխանությունների շահերից չի բխում կարգալուծությունը: Ցանկացած եկեղեցականի արդյունավոր գործունեությունը նպաստում է, թե՛ Եկեղեցու և, թե՛ Հայոց Հայրապետի հեղինակության բարձրացմանը, հետևաբար ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չպետք է ցանկանա, որ ուսյալ և պատրաստյալ հոգևորականը մնա եկեղեցական ասպարեզում: Չէ՞ որ նա Եկեղեցու և ազգի զորացմանն է ծառայում: Ի վերջո, ինչո՞ւ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսքան նախանձախնդիր կարգապահական հարցերում: Կարելի էր գերադասել էժան հեղինակություն վաստակելու միջոցը` նախանձախնդիր չլինելով եկեղեցական կարգ ու կանոնի պահպանմանը և արտոնելով, որ հոգևարականները ծառայեն այնտեղ որտեղ ուզում են, զբաղվեն ինչով ուզում են և այլն: Սակայն այս դեպքում ո՞ւր կգնար Եկեղեցին, եթե ոչ դեպի գահավիժում:

 

Միայն հեռատես և շրջահայաց անձերը, որոնք իսկապես գիտակցում են ազգի և Եկեղեցու հարատևության երաշխիքները, հասկանում են, որ ներկայիս եկեղեցական կյանքում իրագործվող ծրագրերը` հավատարիմ են եկեղեցական կարգաց ու կանոնաց և նպաստում են մեր հոգևոր և ազգային կյանքի զորացմանը և հուսալի ու ամուր ապագայի կերտմանը:

 

Վերոհիշյալ պարզաբանումները ներկայացնելով ընթերցողների ուշադրությանը` պիտի առաջարկեինք, որ Հայ Առաքելական Եկեղեցու կարգ ու կանոնով մտահոգված որոշ կարգալույծ եղած հոգևորականներ, եկեղեցական կարգ ու կանոնից խոսելուց և իրենց «բարեկարգության թեզիսները» հրապարակելուց առաջ, նախ  բարենորոգումը սկսեին հենց իրենցից:

 

Եվ հետո, չուրանան այն հացը, որով նրանք սնվել են Եկեղեցում և չմոռանան, թե ով նրանց ուսում և գիտելիք տվեց: Նաև ձեռքերը դնելով իրենց խղճին` խոստովանեն, որ նրանց բոլորին էլ ուղղվելու և շտկվելու բազմաթիվ առիթներ են ընծայվել, սակայն ապարդյուն: Հետևաբար մեղադրել եկեղեցական իշխանությանը, երբ դու ինքդ ես թերացել, արդար չէ, ինչպես ժողովրդական առածն է ասում. §Երբ գայլը սոված է, գառները միշտ մեղավոր են¦ ։

 

Հ. Գ.

 Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը  (Ուինսթոն Չերչիլ)
                                                           

Տ. Պարթև աբեղա Բարսեղյան

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան        

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին