▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայում հայ պաշտոնյաները կանցկացնեն բողոքի ակցիա, որի մասնակիցներին կոգեշնչի Արմենչիկը

armcomedy.com-ը գրում է. Վերջին շրջանի կտրուկ թանկացումների պատճառով ՀՀ մի շարք պաշտոնյաներ Ամանորը կնշեն Դուբայում։ Այս կերպ նրանք կարտահայտեն իրենց բողոքը թանկացումների դեմ։

Պաշտոնյաներից մեկը, ով խնդրեց իր անունը չնշել, մեզ հետ զրույցում ասաց. «Ազզզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում, աշխատավարձով ապրող մարդ եմ. ինձ էդքան փող որտեղի՞ց, որ Հայաստանում Նոր տարի դիմավորեմ»։

Պաշտոնյաներին վրդովվեցրել է հատկապես խոզի մսի և մեքենաների գազի թանկացումը։ «Հազիվ Համեռիս վրա գազ էի դրել, բռնին թանկացրին։ Նոր տարուն բարեկամների տներով ֆռալը թանկ կնստի վրես, դրա համար էլ ես բոյկոտում եմ ու գնամ Դուբայ»,- նշեց մեկ այլ պաշտոնյա, որը նույնպես խնդրեց չնշել իր և իր գազալցակայանների ցանցի անունը։

Բողոքի ակցիային միացել են նաև որոշ ոչ իշխանական պաշտոնյաներ. «Ես այդ օրը կլինեմ այնտեղ` իմ գործընկերների կողքին կանգած… Որովհետև կա դժգոհություն, կա բողոք, մարդիկ հեռանում են, և ես պետք է իմ աջակցությունը ցուցաբերեմ ժողովրդին։ Համ էլ դե Դուբայում տաք ա»,- հայտարարել է կրկին անունը չնշած պաշտոնյան։

Որոշ ընդդիմադիր պատգմավորներ նույնպես ցանկություն են հայտնել միանալ բողոքի ակցիային, սակայն նրանց չեն ուզում տանել Դուբայ։ «Ազզզ ջան, էս մեր պայքարն ա, էսքան ժամանակ իրանք մեր դեմ էին խոսում, հիմա ուզում են միանան մեր բողոքի՞ն։ Տենց չի լինի, թող մնան Հայաստանում պայքարեն, օրինակ Ծաղկաձորում»,- նշել է մենաշնորհ չունեցող պաշտոնյան։ Սրան ի պատասխան` ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտարարել է. «Ռեժիմը խուճապի մեջ է, բայց եկեք մի պահ մոռանանք դրա մասին։ Այո, մենք ունենք տարաձայնություններ իշխանությունների հետ, բայց սա այն դեպքն է, երբ կարելի է նստել սեղանի շուրջ, բանակցել ու հասկանալ իրար։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս բողոքի ակցիային»։

Բողոքի ակցիային իրենց աջակցությունն են սկսել ցուցաբերել նաև սիրված երգիչ-երգչուհիները։ Մասնավորապես` սիրված երգիչ Արմենչիկը Ամանորի գիշերը ելույթ կունենա Դուբայում, և աննախադեպ շոու ծրագրով ու երգերով կոգեշնչի ակցիայի մասնակիցներին։

Պաշտոնյաները նաև հայտարարել են, որ եթե գնաճը շարունակվի, բողոքն էլ ավելի ծավալուն կդառնա, և ակցիաները կդառնան ավելի ռադիկալ ու հուժկու. օրինակ գարնանային տոները կնշեն Մալդիվյան կղզիներում։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Ի դեպ, սիրված երգիչ Արմենչիկը կոգեշնչի ակցիայի մասնակիցներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին