▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկար Ուալդի «Եսասեր հսկան» հեքիաթը կարդում է Արմինե Հովհաննիսյանը

Հայ Գիրք գրախանութում տեղի ունեցավ «Հեքիաթի Ժամ» միջոցառումը, որի նպատակը երեխաների իրական շփումն է գրքերի հետ, ինչպես նաև հայտնի և սիրված մարդկանց կողմից հեքիաթ լսելը: Այս անգամ երեխաների համար հեքիաթ ընթերցեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր  Արմինե Հովհաննիսյանը` ներկայացնելով Օսկար Ուայլդի «Եսասեր հսկան» հեքիաթը:

«Այս շաբաթ մենք հրավիրեցինք Արմինե Հովհաննիսյանին, քանի որ բոլորի համար գաղտնիք չէ նրա անչափ բարի մարդ լինելը: Նա այնքան է սիրում երեխաներին, որ գրախանութ մտնելուց հետո երեխաները միանգամից զգացին նրա ջերմությունը: Մենք ցանկություն ունեինք, որ այսօր այստեղ հավաքված երեխաները տեսնեն նրան և հնարավորինս ընդօրինակեն»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց  Հայ Գիրք գրախանութի ղեկավար Նարե Աթոյանը:

Հեքիաթի ավարտից հետո Արմինե  Հովհաննիսյանը երեխաների հետ միասին ամփոփում կատարեց, որից հետո փոքրիկները թղթին հանձնեցին «Եսասեր Հսկան» հեքիաթի մասին իրենց պատկերացումները: 

...

Օսկար Ուալդ

Եսասեր հսկան

 

Ամեն օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնում էին Հսկայի այգին ու խաղում:

Դա մի մեծ ու չքնաղ այգի էր՝ ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Այստեղ-այնտեղ, խոտերի միջից, բարձրանում էին աստղերի պես գեղեցիկ ծաղիկներ, տասներկու դեղձենի կար, որոնք գարնանը փթթում էին վարդամարգարտագույն նրբագեղ ծաղիկներով, իսկ աշնանն առատ միրգ տալիս։ Թռչունները նստում էին ծառերին և երգում այնպես անուշ, որ երեխաները թողնում էին խաղն ու լսում:

- Ի՜նչ երջանիկ ենք այստեղ,– բացականչում էին փոքրիկները միմյանց:

Մի օր էլ Հսկան վերադարձավ։ Նա այցելության էր գնացել իր բարեկամ Կորնուել մարդակերին և հյուրընկալվել յոթ տարի։ Այդ ընթացքում ամեն ինչի մասին ասել-խոսել էին, և քանի որ զրույցի թեմաները սպառվել էին՝ նա որոշեց իր ամրոցը վերադառնալ։ Հենց որ տեղ հասավ, տեսավ՝ պարտեզում խաղում են երեխաները:

- Ի՞նչ եք անում այստեղ,– գոռաց Հսկան դաժան ձայնով, և երեխաները փախան:

- Իմ սեփական այգին՝ իմ սեփական այգին է,– ասաց Հսկան,– լա՛վ իմացեք, որ, ինձանից բացի՝ թույլ չեմ տա ոչ մեկին այստեղ խաղալ;

Եվ այգու շուրջը բարձր պարիսպ շինեց ու մի ցուցատախտակ կախեց.

Նա չտեսնված եսասեր Հսկա էր:

Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեին։ Փորձեցին խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ էր ու քարքարոտ և նրանց դուր չեկավ։ Դասերից հետո միշտ թափառում էին բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին:

- Ի՜նչ երջանիկ էինք այնտեղ,– ասում էին միմյանց։ Հետո եկավ Գարունը։ Ողջ գյուղում փթթեցին ծաղիկները, ամենուրեք թռչուններ էին։ Միայն եսասեր Հսկայի այգում դեռ Ձմեռ էր։ Թռչունները չէին ուզում երգել այնտեղ, որովհետև երեխաներ չկային, իսկ ծառերը կարծես մոռացել էին ծաղկել։ Մի անգամ մի սիրուն ծաղիկ հանեց գլուխը խոտերի արանքից, բայց երբ տեսավ ցուցատախտակը, այնպես խղճաց երեխաներին, որ նորից հողի տակ սահեց ու խոր քուն մտավ։ Գոհ էին միայն Ձյունն ու Սառնամանիքը:

- Գարունը մոռացե՛լ է այս այգին,– բացականչում էին նրանք,– ուրեմն՝ մենք այստեղ կապրենք ո՜ղջ տարին:

Ձյունը ծածկեց խոտը հաստ, ճերմակ ծածկոցով, իսկ Սառնամանիքն արծաթով նախշեց բոլոր ծառերը։ Ապա նրանք հրավիրեցին Հյուսիսային Քամուն, որ գա իրենց հետ ապրի, և նա եկավ։ Մուշտակը հագին, օրն ի բուն, Քամին ոռնում էր պարտեզում ու քանդում ծխնելույզի ծածկը:

- Հիանալի՛ տեղ է,– ասաց նա։– Պետք է Կարկուտին էլ հրավիրել:

Եվ Կարկուտն էլ եկավ։ Ամեն օր երեք ժամ նա թակում էր ամրոցի տանիքը, մինչև գրեթե բոլոր կղմինդրասալիկները ջարդվեցին, ապա հողմի պես արագ պտտվում, գալարվում էր պարտեզով մեկ։ Նրա հագուստը գորշ էր, իսկ շունչն ասես սառույց լիներ:

- Չեմ հասկանում, թե ինչո՛ւ է Գարունն այսքան ուշանում,– ասում էր եսասեր Հսկան և, նստելով լուսամոււոի դիմաց, նայում էր ցուրտ ու ճերմակ այգուն,- –հուսով եմ՝ եղանակը կփոխվի:

Բայց Գարունը չեկավ, և չեկավ նաև Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ պարգևեց բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն՝ և ո՛չ մի հատիկ:

– Նա չափազանց եսասեր է,– ասում էր Աշունը:

Այսպիսով՝ միշտ Ձմեռ էր Հսկայի այգում, և միայն Հյուսիսային Քամին, Կարկուտը, Սառնամանիքն ու Ձյունն էին պարում ծառերի միջև:

Մի առավոտ էլ Հսկան, անկողնում արթուն պառկած, հաճելի երաժշտություն լսեց։ Այնպե՜ս անուշ հնչեց մեղեդին նրա ականջին, որ թվաց, թե թագավորական երաժիշտներն են նվագելով անցնում։ Այնինչ մի փոքրիկ կանեփահավ էր երգում լուսամուտի տակ։ Հսկան վաղուց այգում թռչնի երգ չէր լսել, նրան թվաց, թե դա աշխարհի ամենազմայլելի երաժշտությունն է։ Եվ հանկարծ՝ Կարկուտը դադարեց պարել իր գլխավերևում, Հյուսիսային Քամին կտրեց ոռնոցը, և բաց լոաամուտից ներս հորդեց արբեցուցիչ բուրմունք:

- Հավատացած եմ, որ Գարունն արդեն եկել է, վերջապե՜ս,– ասաց Հսկան, ցատկեց անկողնուց ու դուրս նայեց:

Եվ ի՜նչ տեսավ...

Նրա աչքի առջև բացվեց մի հրաշալի պատկեր։ Պատնեշի փոքրիկ ճեղքից երեխաները ներս էին սողոսկել և նստել ծառերի ճյուղերին։ Յուրաքանչյուր ծառի մի երեխա էր նստած։ Իսկ ծառերն այնքան ուրախ էին երեխաների կրկին վերադառնալուց, որ անմիջապես փթթել էին ծաղիկներով և մեղմ օրորում էին ճյուղերը երեխաների գլխավերևում։ Թռչուններն այս ու այն կողմ էին ճախրում և ծլվլում բերկրանքից, իսկ ծաղիկները նայում էին կանաչ խոտերի միջից ու ծիծաղում:

Չքնաղ տեսարան էր։ Միայն մի տեղ էր դեռ Ձմեռ՝ այգու ամենահեռու անկյունում, որտեղ կանգնած էր մի մանչուկ։ Նա այնքան փոքրիկ էր, որ ձեռքը չէր հասնում ծառի ճյուղերին, պտտվում էր ծառի շուրջը և դառնորեն լալիս։ Խեղճ ծառը դեռ ամբողջովին ծածկված էր եղյամով, իսկ վերևում հեծեծում էր Հյուսիսային Քամին:

- Մագլցի՛ր, մանկի՛կ,– ասաց Ծառը և, որքան կարող էր՝ կռացրեց ճյուղերը:

Բայց տղան շատ փոքրիկ էր:

Եվ Հսկայի սիրտը փափկեց, երբ տեսավ այդ բոլորը:

- Ի՜նչ եսասերն եմ եղել,– ասաց նա։ –Այժմ ես գիտեմ, թե ինչո՛ւ Գարունը չէր գալիս։ Հիմա խեղճ մանկիկին ծառը կբարձրացնեմ, իսկ հետո կքանդեմ պատնեշը, և իմ այգում հավիտյանս հավիտենից կխաղան երեխաները:

Նա, իսկապե՛ս, անկեղծորեն զղջաց արածի համար։ Ապա հուշիկ իջավ սանդուղքներով, զգուշորեն բացեց դուռը և այգի մտավ։ Բայց հենց որ երեխաները նրան տեսան՝ վախեցած փախան, և այգում նորից Ձմեռ սկսվեց։ Միայն փոքրիկ տղան չփախավ, որովհետև աչքերը լի էին արցունքներով, և նա չտեսավ Հսկային։ Հսկան հետևի կողմից գաղտագողի մոտեցավ, զգույշ գրկեց նրան և ծառի վրա բարձրացրեց։ Ծառն անմիջպես փթթեց ծաղիկներով, թռչունները թռան-եկան ու սկսեց ճռվողել ծառի վրա, իսկ մանչուկը պարզեց ձեռքերը, գրկեց Հսկայի պարանոցն ու համբուրեց նրան։ Երբ մյուս երեխաները տեսան, որ Հսկան այլևս չար չէ, վազելով վերադարձան, իսկ նրանց հետ եկավ նաև Գարունը:

- Հիմա սա ձե՛ր այգին է, երեխանե՛ր,– ասաց Հսկան և, վերցնելով մի մեծ քլունգ, քանդեց պատնեշը։

Երբ կեսօրին մարդիկ շուկա էին գնում, տեսան Հսկային երեխաների հետ խաղալիս մի գեղեցիկ այգում, որի նմանը կյանքում չէին տեսել:

Նրանք խաղացին ամբողջ օրը, իսկ երեկոյան բարի գիշեր մաղթեցին Հսկային:

- Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը,– հարցրեց Հսկան,– այն տղան, որին ծառը բարձրացրեցի:– Հսկան նրան բոլորից շատ սիրեց, որովհետև մանչուկը համբուրել էր իրեն:

- Չգիտե՛նք,– պատասխանեցին երեխաները,– գնացել է:

- Կասեք, որ նա անպայման գա վաղը,– ասաց Հսկան։ Բայց երեխաներն ասացին՝ չգիտեն, թե նա որտե՛ղ է ապրում, և առաջներում ոչ մի անգամ չէին տեսել նրան։ Հսկան շատ տխրեց:

Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս էին այգի ու խաղում Հսկայի հետ։ Բայց փոքրիկ տղան, որին Հսկան սիրում էր, երբեք չերևաց։ Հսկան շատ բարի էր բոլոր երեխաների հանդեպ, բայց կարոտում էր իր առաջին փոքրիկ բարեկամին և հաճախ էր խոսում նրա մասին:

- Ինչպե՜ս կուզեի տեսնել նրան,– ասում էր Հսկան:

Անցան տարիներ. Հսկան շատ ծերացավ և ուժասպառվեց։ Այլևս չէր կարողանում խաղալ, այլ, խոշոր բազկաթոռում նստած նայում էր խաղացող երեխաներին ու զմայլվում պարտեզով:

- Ես շատ գեղեցիկ ծաղիկներ ունեմ,– ասում էր նա,– բայց ամենագեղեցիկ ծաղիկները երեխաներն են։

Ձմռան մի առավոտ էլ, երբ հագնվում էր, լուսամուտից դուրս նայեց։ Հսկան այլևս չէր ատում Ձմեռը, քանի որ գիտեր՝ Գարունը լոկ նիրհում է, իսկ ծառերն ու ծաղիկները հանգստանում են:

Հանկարծ զարմացած տրորեց աչքերը, նայեց, կրկին նայեց։ Ո՜վ զարմանք, ի՛նչ սքանչելի տեսարան էր. այգու վերջում մի ծառ ամբողջովին փթթել էր սպիտակ, չքնաղ ծաղիկներով:

Ճյուղերը զուտ ոսկուց էին, կախված պտուղները՝ արծաթից, իսկ ծառի տակ կանգնած էր նույն մանչուկը, որին այնքա՜ն շատ էր սիրել ինքը:

Հսկան պարտեզ վազեց ուրախությունից իրեն կորցրած։ Խոտերի վրայով հապշտապ մոտեցավ մանկանը։ Եվ երբ արդեն երեխայի մոտ էր, դեմքը զայրույթից կարմրեց, և ասաց.

- Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ։– Քանզի մանկան ափերի մեջ երկու մեխերի դրոշմներ կային, մեխերի դրոշմներ կային նաև նրա փոքրիկ ոտքերի վրա։– Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ,– գոռաց Հսկան,– ասա՛, գնամ վերցնեմ մեծ թուրս և սպանեմ նրան:

- Ո՛չ– պատասխանեց մանուկը,– սրանք Սիրո վերքեր են:

- Ո՞վ ես դու,– հարցրեց Հսկան և, համակված տարօրինակ սարսափով, ծնկի իջավ մանկան առաջ:

Մանուկը ժպտաց Հսկային և ասաց.

- Մի անգամ ինձ թողեցիր՝ քո պարտեզում խաղամ, այսօր էլ դու պետք է գաս ինձ հետ իմ այգին, որը Դրախտն է:

Այդ օրը՝ իրիկնադեմին, երեխաները Հսկային գտան ծառի տակ մեռած, նա ամբողջովին ծածկված էր ճերմակ ծաղիկներով:

 

Ռուզան Առաքելյանի թարգմանությամբ

72157647524197683

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին