Wedding.am-ը գրում է. Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից: Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերևում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երևալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:
Պայթյունավտանգ իրավիճակ կամ կարմիր խնձոր
Դժվար է ասել, թե որ ժամանակներից սկսած են հայերը պահպանում “կարմիր խնձորի” գաղափարը: Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են “կարմիր խնձորի” ավանդույթը: Հայտի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու պաշտամունքի օրը զոհաբերում էին աստվածուհու անունը կրող տաճարում. զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին, այլ խոսքերով ասած` զբոսաշրջիկներին: Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանց գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից: Չարժե քննարկել, առավել ևս քննադատել մեր նախապապերի բարքերը, քանզի արժեքային համակարգերը բազմաթիվ փոփոխություններ են կրել մինչ մեզ հասնելը: Ակնհայտ է սակայն, որ “կարմիր խնձորի” գաղափարը, դարերի ընթացքում մի ծայրահեղությունից մյուսը անցնելով, այնուամենայնիվ, եկել-հասել է մեզ:
Պահպանողական հասարակարգում այդ խնձորը աղջկա անմեղության սուրբ վկայությունն էր: Հատուկ արարողություն էր “կարմիր խնձորի” առկայության ստուգումը: Հավաքվում էին հեռու-մոտիկ ազգականներ, հարեւաններ, բամբասկոտ կանայք (որոնց բերանը փակելը ծայրահեղ անհրաժեշտություն էր) եւ ստուգումներ անցկացնում: Հաճախ բանը հասնում էր այնպիսի ծայրահեղության, որ սկեսուրը առաջին գիշերվա սպիտակեղենը ընկնում էր դռնեդուռ բոլորին ի ցույց: Տխուր տրամադրություն չառաջացնելու համար կխուսափենք նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում հարսի հետ “կարմիր խնձորի” բացակայության ժամանակ: Ավելացնենք միայն, որ աղջկա դրությունը աննախանձելի էր լինում, արժանի խորին ցավակցության: Այնուամենայնիվ, դրական արդյունքի դեպքում փեսայի մայրը, հորաքույրը, մորաքույրը եւ այլ կինարմատ ազգականներ, սկուտեղի մեջ դրած իսկական կարմիր խնձոր, ուղեւորվում էին հարսի տուն` աչքալուսանքի: Հարսի տանը, սեղանը գցած, արդեն սպասում էին նրանց: